ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության անդամները, որոնց այցելությունը Գեղարքունիքի մարզ մեկնարկել էր նախօրեին, հոկտեմբերի 19-ին մարզպետ Կարեն Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել են Վարդենիս համայնքի բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։
Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ռազմական քարտեզի, ինչպես նաեւ դիտարկող սարքերի օգնությամբ ներկայացրել է 2021-ի մայիսի 12-ին եւ 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու իրական փաստերը։
«Ադրբեջանը ինչպես 2021, այնպես էլ 2022 թվականներին մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանները եւ մի քանի ուղղություններով մեր տարածք մխրճվել մի քանի կիլոմետրով։ Ադրբեջանի զինուժի ներկայությունը ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, խաթարում նրանց բնականոն կյանքը եւ կենսագործունեությունը»,- ներկայացրել է Գրիգորյանը։
Գեղարքունիքի մարզպետի հավաստմամբ` ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն։