Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը «Դիվանագիտության դաշտը» խորագրով փաստավավերագրական ֆիլմի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային վեճի առնչությամբ նշել է, որ Իրանը թույլ չի տվել՝ Հայաստանի հետ հաղորդակցական ճանապարհը փակվի: Աբդոլահիանը նշել է, որ մի վտանգավոր սցենար էր առաջ տարվում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը:
«Ջանքեր գործադրվեցին անգամ Հայաստանի եւ Իրանի միջեւ ճանապարհը փակելու ուղղությամբ: Իրանը դա թույլ չի տա»,- նշել է Իրանի գլխավոր դիվանագետը: Նախարարը նշել է, որ այդ նպատակն ապահովելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություններ սկսեց տարածաշրջանում:
Աբդոլահիանն անդրադարձել է նաեւ միջուկային գործարքի հնարավոր վերականգնմանը, շեշտել՝ Թեհրանին համաձայնագրի վերականգնման համար հստակ երաշխիքներ են անհրաժեշտ: Նա պնդել է, որ Իրանի շահերը պետք է ապահովվեն:
«Համաձայնագրի առնչությամբ խնդիր կա՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման մասին դրույթները հստակեցված չեն»,- ընդգծել է նախարարը: