ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման թիմ, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը։ Թիմը Հայաստան կժամանի ՀՀ Կառավարության հրավերով։
Այցի նպատակն է ԵԱՀԿ մանդատին ու փորձին համապատասխան եւ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակում գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում:
Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ եւ տեղում խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երեւանը դիմել է կազմակերպությանը Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու նպատակով։