ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։ Ըստ նախարարի՝ փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է, բոլոր մարմիններ նույնականացվել են:
Ավանեսյանը հայտնել է նաեւ, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը եւս ավարտվել է։ Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաեւ արտասահմանում։ Կան նաեւ նույնականացված, բայց դեռեւս չհուղարկավորված մարմիններ։
Նախարարը նշել է, որ 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաեւ այլ երկրներում, եւ դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։
«Ունենք դիակներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,- հավելել է Ավանեսյանը: Նախարարը դժվարացել է հրապարակել նման դեպքերի թիվը, չի ցանկացել խոսել նաեւ պատճառների մասին։