Բելառուսի կառավարության որոշմամբ երկրում ապրանքների եւ ծառայությունների գնային կարգավորման կարգը փոխվել է։ Փոփոխությունները վերաբերում են սպառողական զամբյուղում ներառված ապրանքների ամբողջ՝ տեղական արտադրության եւ ներկրվող տեսականուն։ Ըստ նոր որոշման՝ արտադրողները պարտավոր են իրենց արտադրած ապրանքի գնի բարձրացումը համաձայնեցնել պետական մարմինների, մարզային գործադիր կոմիտեների եւ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի հետ։
Ներկրողների եւ առեւտրով զբաղվողների համար սահմանվել են գնի բարձրացման վերին շեմեր՝ անկախ միջնորդների քանակից։ Ապրանքափոխանակության գործարքները եւս անհրաժեշտ կլինի այսուհետեւ համաձայնեցնել պետական մարմինների հետ։ Միաժամանակ, բելառուսական արտադրության ապրանքները շուկա վաճառքի հանելիս կարգելվի տեղական արտադրանքի առաջմղման դիմաց բոնուսների եւ քաջալերման այլ ձեւերով վճարումների կատարումը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ հոկտեմբերի 6-ին ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանն արգելել էր բարձրացնել ապրանքների եւ ծառայությունների գները՝ սպառնալով օրինախախտ պաշտոնյաներին ենթարկել պատասխանատվության։ Լուկաշենկոն նաեւ ասել էր, որ կարեւորը ոչ թե գնաճն արգելելն է, այլ գնագոյացման հանդեպ վերահսկողության սահմանումը: Իսկ քանի դեռ վերահսկողությամ նման մեխանիզմ չի ստեղծվել, գների բարձրացում չպետք է լինի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը