Modex վերլուծական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին առեւտրային բանկերը արձանագրել են 188 միլիարդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 միլիարդ դրամ է:
Ըստ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները, ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ եւ այլն:
Պատգամավորը նշել է, որ շահութաբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի աննախադեպ ծավալը, եկամուտների կառուցվածքի փոփոխությունը, շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի: