Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն հայտնել է, որ հանձնաժողովը սահմանել է շոկոլադի ստանդարտները, որոնք վերաբերում են ինչպես ԵԱՏՄ տարածքում դրա արտադրությանը, այնպես էլ իրացմանը։
Շոկոլադը, ըստ հաստատված ստանդարտի, պետք է պարունակի կակաոյի ընդհանուր չոր մնացորդի առնվազն 35%-ը, դրանց թվում՝ 18 կամ ավելի տոկոս կակաոյի յուղ եւ 14 կամ ավելի տոկոս յուղազերծված չոր կակաոյի մնացորդ:
Շոկոլադի թեմայով բանավեճը, ըատ Նազարենկոյի, ընթանում է արդեն տասնամյակներ շարունակ։ Ամեն մի երկրում շոկոլադ ասելով իրենց արտադրանքն են հասկանում։
Նախարարը նշել է, որ եթե վերցնենք շուկան, առեւտրային ցանցերը, շրջանառության ոլորտը, այնտեղ «շոկոլադ» անվան տակ կարելի է ամենատարբեր ապրանքներ, տարբեր բաղադրիչներ գտնել։ Ըստ նրա՝ այստեղ վեճերը վերաբերում են ոչ այնքան անվտանգությանը, որքան նույնականացմանը։
«Եթե 35 % է, անվանեք շոկոլադ, եթե 25 % է՝ շոկոլադե արտադրանք։ Եթե ավելի ցածր է, խնդրում եմ, անվանեք հրուշակագործական արտադրանք, ինչպես ուզում եք անվանեք, բայց ոչ շոկոլադ»,- ընդգծել է Վիկտոր Նազարենկոն։