Եվրոպական միությունը մոտ 118 միլիոն դրամի (300.000 եվրո) հրատապ օգնություն կհատկացնի սեպտեմբերի բախումներից տուժած մարդկանց համար։ Ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված 7600 անձանց։
ԵՄ հաղորդագրության մեջ սեպտեմբերյան բախումները բնորոշվել են որպես «ամենամահաբեր իրադարձությունը 2020-ի նոյեմբերի հրադադարից հետո»։
ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ եւ ավերածություններ։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու եւ ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով:
Հայաստանում ԵՄ գործընկեր կազմակերպությունները տուժածներին կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման նյութեր եւ դրամական աջակցություն՝ մարդկանց օգնելով հոգալու հիմնական կարիքները՝ ձեռք բերել սնունդ, վճարել ջեռուցման ծախսերը կամ բնակարանի վարձավճարը: Աջակցության տրամադրումը կհամակարգվի Հայաստանի իշխանությունների հետ։