ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայ գերիներին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ 2022-ի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը ընդունել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021-ի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ:
Դատարանը 2022-ի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ վերահաստատել է, որ իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է, եւ Ադրբեջանի գերեվարած էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջեւ։
Դատարանը նաեւ հաստատել է, որ իր 2021-ի դեկտեմբերի 7-ի հրամանն Ադրբեջանին պարտավորեցնում է պաշտպանել «ցանկացած անձի, որ գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողության ժամանակ, որոնք 2020-ի հակամարտության վերսկսված բռնկում են»:
Այսպիսով՝ Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
Հայաստանը կոչ է արել Ադրբեջանին խստորեն հետեւելու եւ արդյունավետորեն կատարելու Դատարանի որոշումները, դրանց թվում՝ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։
Հայաստանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների եւ այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու որոշումների։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանը դիմում էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, քանի որ հայկական կողմի տվյալներով ու համացանցում հասանելի տեսանյութերից դատելով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանում 10-ից ավելի գերեվարված անձինք կան։
Հայաստանը պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին տեղեկություն տրամադրել գերիների որպիսության մասին, ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը եւ նրանց համար պահման պայմաններ ապահովել։