Փոխվարչապետ աշխատելու ընթացքում Տիգրան Ավինյանն առանձնապես աչքի չէր ընկնում հրապարակային գործունեությամբ։ Քիչ էր շփվում լրագրողների եւ լրատվամիջոցների հետ։ Չենք հիշում, որ պաշտոնական պարտականությունների վերաբերյալ չոր հաղորդագրություններից բացի նրա գործունեության մասին այլ տեղեկություններ ստացած լինենք։
Եվ հանկարծ՝ արդեն կես տարի, այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու հաջորդ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է (այսինքն՝ քաղաքապետի թեկնածու է լինելու) Տիգրան Ավինյանը, վերջինս ինքն իրեն դարձրեց հրապարակային դեմք։ Իսկ այս տարվա սեպտեմբերի 23-ին փոխքաղաքապետ նշանակվելուց հետո համարյա ամեն օր իրեն դնում է լրատվամիջոցների, հետեւաբար եւ՝ հանրության ուշադրության կենտրոնում։
Սա, միանգամայն տեղին, գնահատվում է իբրեւ Երեւանի ավագանու հերթական ընտրություններից մեկ տարի առաջ սկսված նախընտրական արշավ։
Իհարկե, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը դա չի արգելում. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»,- գրված է այդ հոդվածում։
Սակայն խնդիրն այն է, որ Ավինյանը նշանակվել է փոխքաղաքապետ եւ պաշտոնական դիրքը (այսինքն՝ վարչական ռեսուրսը) օգտագործելով է բուռն գործունեության պատրանք ստեղծում՝ ապագա ընտրություններն աչքի առաջ ունենալով։
Տեսնենք նրա «ակտիվության» արձագանքը միայն մեկ՝ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում (թվարկում եմ Ավինյանի վերջին մեկ շաբաթվա գործունեությանը վերաբերող հրապարակումների վերնագրերը).
«Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադն արդեն գործում է» (Ավինյանի լուսանկարի ուղեկցությամբ եւ հղումը նրա ֆեյսբուքյան էջին)։ «Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր տարաբնույթ խնդիրների քննարկմամբ. Ավինյան»։ «Նոր բեռնատարները և ջրցան մեքենաներն արդեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկում են․ Ավինյան»։ «7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ծանոթացել է հանգստի գոտու նախագծին»: «Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին․ Տիգրան Ավինյան»։ «Համոզված եմ, որ Երևանն աստիճանաբար ավելի ենք սիրելու ու գնահատելու․ Տիգրան Ավինյանի ուղերձը»։
Չեմ հիշում, թե նախկինում որեւէ փոխքաղաքապետի՝ սեփական պարտականությունների կատարումը նման ինտենսիվությամբ (օրական առնվազն մեկ հաղորդագրություն) լուսաբանվի։
Մի՞թե պարզ չէ, որ այս բուռն գործունեության իմիտացիան մի նպատակ ունի. տեսեք, երեւանցիներ, թե ինչ աշխատող, գործունյա, բանիմաց, մարդկանց նկատմամբ հարգալից վերբերմունքով, Երեւանը գնահատող փոխքաղաքապետ ունենք։ Էնպես որ, հաջորդ ընտրություններին ձեր ձայնը կտաք նրա գլխավորած ցուցակին։
«Մարդն աշխատում է, դուք դա քարոզչություն եք անվանում» ասելով՝ տողերիս հեղինակին հակադարձողների համար մեկնաբանեմ։
Եթե ընտրություններից մեկուկես տարի առաջ (2022 թվականի մարտին) արդեն հայտարարված չլիներ, որ նա լինելու է քաղաքապետի թեկնածու, գուցե եւ նման հրապարակային կամ ցուցադրական ակտիվությունը արտառոց չթվար։ Սակայն քանի որ այդ թեկնածությունն արդեն կա, այս ակտիվությունը դառնում է վաղաժամ սկսված քարոզչություն։
Ի դեպ, ինքը՝ Ավինյանը, փոխքաղաքապետ նշանակվելուց հետո «խիստ համեստորեն» ասել է. «Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա եւ եկել եմ աշխատելու այն ուղղություններով, որ իմ համակարգման ոլորտում են։ Մնացած բոլոր հարցերը (նկատի ուներ 2023 թվականին իր առաջադրվելը իբրեւ քաղաքապետի թեկնածու- Մ. Հ.), կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ են, եւ դրանց մասին խոսելն այս պահին կարևոր չէ»:
Այոոոո, շատ համեստ տղա է Տիգրան Ավինյանը։
Իսկ այս ակտիվությունը, պաշտոնն ու վարչական ռեսուրսն օգտագործելով՝ ըստ էության քարոզչությունը մի պատճառով է արվում։ Միանգամայն հավանական է, որ Երեւանի ընտրողները ընդդիմանան փաշինյանական իշխանությանը եւ ձայնը տան ոչ թե ՔՊ-ական, այլ որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի ցուցակին։ Եվ ահա, վտանգ զգալով, իշխող կուսակցության «ՓիԱռչիկները» հիմիկվանից «կերտում են» ապագա քաղաքապետի կերպարը։
Մի բան կարող եմ ենթադրել, որ ընտրությունների ավարտից հետո, եթե Ավինյանը դառնա քաղաքապետ, ապա այս ակտիվությունից կմնան միայն կաբինետից ուղերձները։ Վկան՝ Փաշինյանի վարքի փոփոխությունները. նախկինում մարդկանց հետ շփվողը հիմա նույն մարդկանցից մեկուսանում է հարյուրավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատողներով։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։