Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Ժամանակին ընդառաջ․ վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես։ Նպատակն է ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի թանգարանների եւ մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հաստատությունների լաբորատորիաներում, արվեստանոցներում վերականգնող-մասնագետների կատարած աշխատանքը եւ խոսակցություն բացել դրա կարեւորության մասին։
Վերականգնողների կարծիքով՝ ոլորտն այսօր նոր մոտեցումների ու վերանայման կարիք ունի: Ցուցադրությունը միայն ճանաչողական չէ, այն միտված է փոխելու, լրջացնելու վերականգնողի աշխատանքի հանդեպ հանրության ու պետության վերաբերմունքը։
Վերականգնումը Հայաստանում արդեն 60 տարվա պատմություն ունի, իսկ վերականգնողը մինչ օրս չունի կարգավիճակ։ Մասնագետների թիվը հասնում է 100-ի, սա փոքր թիվ է՝ հաշվի առնելով մեզ հասած պատմամշակութային ժառանգության ծավալը: Ոլորտը հրապուրիչ է, աշխատանքային պայմաններն ու վարձատրությունը՝ ոչ այնքան, եւ քչերն են մնում դաշտում:
Ցուցադրության նմուշները բազմազան են՝ բրոնզ, սեւ եւ կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար։ Բրոնզի դարից հայտնաբերված ցուցանմուշներից մինչեւ միջնադարյան ձեռագրեր, հմայիլներ, զարդեր ու սափորներ, որոնք պեղվել են ոչ միայն հայաստանյան տարբեր հնավայրերից, այլեւ բերվել են Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից, եւ, իհարկե, պատմական Հայաստանից։
Որպես կանոն, այցելուները թանգարաններում չեն անդրադառնում վերականգնողի աշխատանքին, այն մնում է լուսանցքում, իսկ այստեղ այցելուն կարող է տեսնել վերականգնողի գործունեության տարածքը, միջավայրն ու գործիքները։ Վերականգնողի աշխատանքային միջավայրի, ներքին խոհանոցի մասին պատկերացում տալիս է նաեւ կողքի սրահում ցուցադրվող տեսաֆիլմը։
Վերականգնողները մտադիր են ստեղծել ընկերակցություն, որի միջոցով կփորձեն լուծել ոլորտի խնդիրները։
Ոլորտով հետաքրքրվողների համար ցուցադրությունը տարբեր դարաշրջանների գեղագիտությունն ուսումնասիրելու նյութ է, իսկ այցելուի համար՝ ստվերում մնացած մասնագիտությանն ավելի մոտիկից ծանոթանալու առիթ։ Ցուցադրությունը կգործի ութ ամիս՝ մինչեւ հունիսի 30-ը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։