Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանն ունեն համատեղ շահեր, կարծիքներ, նաեւ մտահոգություններ, որ տիրում են Հարավային Կովկասում: Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների առկայությանը տարածաշրջանում։
«Իրանական կողմը յուրաքանչյուր փոփոխություն պատմական սահմաններում չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է։ Կձեռնարկենք բոլոր քայլերը, որը կդիմակայի անգամ նման մտածելակերպին»,– նշել է Իրանի արտգործնախարարը։
Աբդոլահիանը հավելել է նաեւ, որ իրանական կողմը կարեւորում է տարածաշրջանի երկրների գործունեությունը եւ օրինակ բերեց «3+3» պլատֆորմը։ Նա նշել է նաեւ, որ Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկու երկրների առեւտրաշրջանառությանը վերաբերող հարցեր։ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Կապանում հյուպատոսության բացումը էլ ավելի դյուրին կդարձնի երկու երկրների համագործակցությունը։
Հայ-թուրքական կարգավորման գործընթացը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ գործընթացի ուղենիշը հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումն են:
Միրզոյանը նշել է, որ Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի հետ: Ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:
«Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-հավելել է Միրզոյանը:
Հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է. Միրզոյան
Ըստ Միրզոյանի՝ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է եւ Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ խոչընդոտը կհաղթահարվի, եւ կողմերին առաջիկայում կհաջողվի հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների եւ լուծումների:
Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցք
Անդրադառնալով Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքին՝ Միրզոյանը նշել է, որ հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը եւ այն դերը, որ նա կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ ձեւավորվել է եռակողմ պլատֆորմ ՀՀ-ի, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ: Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքով:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ եւ Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: