Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Նոր ճանապարհահատվածի ապրիլ-մայիսին սկսված շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:
«Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը հայտնել է, որ կամուրջն ունենալու է միաձույլ երկաթբետոնե կառուցվածք: Ճանապարհահատվածի երկարությունը 265 գծամետր է, երթեւեկելի մասի լայնությունը՝ 9 մետր: Նախատեսված է նաեւ կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ եւ 1 մետր լայնությամբ հետիոտնային մայթ:
Ըստ ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման եւ վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանի՝ կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի: Շողիկ Երանյանը նշել է, որ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երեւան համայնքի բյուջեի միջոցներով:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսին: