ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի եւ հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:
Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի եւ հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։