Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս հայտարարել է, որ առաջիկայում հեռախոսազրույցներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Ես տեսա, որ պարոն Պուտինը շատ ավելի մեղմ եւ ավելի բաց է Կիեւի հետ բանակցությունների համար, քան նախկինում։ Կտեսնենք՝ դա ինչի կարող է հանգեցնել հեռախոսային դիվանագիտության ընթացքում, որը կանցկացնենք առաջիկա օրերին՝ լսելով երկու առաջնորդներին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցից հասկացել է, որ նա ցանկանում է հաղթահարել առկա ճգնաժամը, եւ որ նրա կողմից խոչընդոտներ չկան, եւ Զելենսկին նույնպես կողմ է այս խնդրի հաղթահարմանը:
«Մենք հույսը չենք կորցնում։ Հուսով ենք, որ երկու առաջնորդներին միավորելով՝ կշարունակենք խաղաղության ճանապարհը»,- ասել է Էրդողանը: