ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ հոկտեմբերի 21-ին բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում են երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, ինչպես նաեւ Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարեւան եւ բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան»,– բացման արարողության իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։
Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը վերահաստատում է Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու իր պատրաստակամությունը։
Մեր պատգամը խաղաղության եւ բարեկամության պատգամ է. Իրանի գլխավոր հյուպատոս
Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը վստահեցրել է, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Ըստ նրա՝ այս որոշումը տարիների պատմություն ունի։
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որեւիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,– նշել է դիվանագետը։
Վարամինն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաեւ իր երկրի շահերից է բխում։
«Մեր պատգամը խաղաղության եւ բարեկամության պատգամ է։ Ես Կապանի բնակչության համար եւս մեկ անգամ շեշտում եմ` չանհանգստանաք, ես Կապանում եմ»,– շեշտել է հյուպատոսը։
ԻԻՀ հյուպատոսությունը Կապանում կսկսի աշխատել երկուշաբթի օրվանից: