ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է, որ Պուտինն անհավանական բարդ իրավիճակում է, եթե որոշել է ուկրաինացի ժողովրդին ռմբակոծելով հասնել կապիտուլյացիայի: Բայդենը ճիշտ է: Բայց ի՞նչը պիտի խանգարի Պուտինին՝ դիմելու անմարդկային միջոցների: Ըստ իս՝ ոչինչ: Որովհետեւ նա դեմքը պիտի փրկի: Ուկրաինացին չի հանձնվում, հետևաբար պետք է ավելի վախեցնել:
Պատերազմի ժամանակ բոլոր միջոցներին դիմում են հաղթելու համար: Ու դա չի քննարկվում: Ոչ թե ճիշտ են կամ սխալ, ոչ թե լավ են կամ վատ, ոչ թե ընդունելի են կամ անընդունելի այդ միջոցները, այլ պատերազմում պետությունների համար բարոյական առաջնահերթություններ չկան: Առանձին ռուսը կարող է մարդ լինել առանձին ուկրաինացու նկատմամբ, առանձին ադրբեջանցին՝ առանձին հայի համար, բայց պետությունները չեն կարող: Ահա ինչու գոյություն ունեն միջազգային դատարանները, որոնք խաղաղության օրոք դատում են պատերազմի հանցագործներին:
Պուտինը դեռ միջուկային զենքի տարբերակն էլ ունի, որին կդիմի, եթե սեփական ժողովրդի մոտ ընդհանրապես դեմք չունենա: Այսինքն՝ աշխարհում բոլորը գիտեն, որ սպանությունները, բռնաբարությունները, պղծությունները խոշոր հանցանքներ են, բայց պատերազմները դրանք «դարձնում» են ընդունելի, որովհետեւ ես՝ ագրեսորս, ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթել խաղի կանոններով։
Գազանությունները բնորոշ են մարդուն, ոչ մի պետություն չի խրախուսում գազանությունը, բայց պետությունների խնդիրն է հաղթել նաեւ վախով: Պուտինն այսօր չի կարողանում ուկրաինացիներին վախեցնել, ուստի խաղի մեջ է մտցրել, դիցուք, գազանաբարո Կադիրովին: Ուկրաինացին տեսնում է այս ամենը: Նա էլ է մարդ, բացառված չէ, որ գազանությանը պատասխանում է գազանությամբ: Որովհետեւ ինքը մի հոգի է եւ բավականաչափ սեր կամ առաքինություն չունի, որպեսզի կանգնեցնի պարտվողների գազանությունները:
Ադրբեջանցին Մատաղիսում երկու ծերունու սպանեց գազանավարի: Եթե անգամ այդ հրեշավորությունը նրա արյան մեջ է, մենք չենք ասի, թե դրանից հետո աշխարհը որոշեց Ադրբեջան պետության հետ խոսել այլ լեզվով: Լեզուն եղել եւ մնում է քաղաքակիրթ, ոչ ոք նոր Նյուրնբերգ չի բացել, որպեսզի քննի մեր տարածաշրջանում պատերազմական հանցագործությունները: Յուրաքանչյուրը կռվում է իր «ձեռքի» տակ ու «հոգու» մեջ եղած միջոցներով, կռվողներից յուրաքանչյուրը տեսնում է իր ծառայակցի մահը թշնամու գնդակից: Հիմա նույնիսկ ընդունված է այդպիսի սպանությունները նկարահանել ու հրապարակել:
Պատերազմն ինքնին հրեշավոր բան է, եւ հավելյալ հրեշավորությունները «խաղարկվում» են, որպեսզի հաղթողը հեշտ հաղթի: Այնպես որ Պուտինն իսկապես բարդ իրավիճակում է: Բայց նրա խնդիրն էլ հենց այն է, որ դուրս գա այդ իրավիճակից: Իսկ դրա համար գործի են դրվում հենց այն միջոցները, որոնց պատճառով պատերազմը դառնում է հրեշավոր ու անմարդկային: Իսկ ո՞վ այդպես չէր վարվի Պուտինի փոխարեն:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: