Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիեւը «վրացիներին փրկելուց զատ ձեռնամուխ կլինի փրկելու նաեւ Հայաստանն ու Մոլդովան։
Արեստովիչը, հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին, այդ երկրի կառավարությունն անվանել է «որոշումներ ընդունելու անընդունակ ռուսամետ կառավարություն»: Ըստ Արեստովիչի՝ Վրաստանի գործող իշխանությունները ոչնչացրել են այն ամենը, ինչ ստեղծել է Սաակաշվիլին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի նախագահի խորհրդականի, ինչպես նաեւ ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հայտարարություններ կոշտ արձագանք են հարուցել Վրաստանի քաղաքական դաշտում։ Մասնավորապես՝ Արեստովիչը անցած շաբաթներին հայտարարել էր, թե Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան եւ Հարավային Օսիան», եւ որ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ: