Հայաստանի ազգային արխիվում կան 2000-ից ավելի ֆոնդեր, որոնք անընդհատ համալրվում են։ 350 միլիոն փաստաթղթերից 250 միլիոնը մշտական պահպանության, 100 միլիոնը ժամանակավոր պահպանության փաստաթղթերն են։
«Պատկերացնո՞ւմ եք՝ այդ ահռելի քանակության փաստաթղթերի մեջ որքան շատ կլինեն վերականգնման կարիք ունեցող նմուշները»,- ասում է Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի վերականգնման բաժնի պետ Աննա Սարգսյանը։
Սարգսյանը կարծում է, որ վերականգնողները մեր երկրում գնահատված չեն, թեեւ նրանք հսկայական աշխատանք են կատարում, որը պարզապես մնում է ստվերում։
Բաժնի աշխատակիցները, որոնք մասնագիտական կրթություն չեն ստացել, փորձ եւ հմտություն են ձեռք բերել տեղում, աշխատում են համեստ պայմաններում։ Չկան ժամանակակից սարքավորումներ, որոնք կդյուրացնեին նրանց աշխատանքը։