Ֆեյսբուքյան մի օգտատեր, հավատում եմ՝ ազնվագույն մղումներից դրդված, պարբերաբար տեղադրում է թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների վիճակագրական տեղեկություններ։ Որքանով են դրանք հավաստի՝ չքննենք։
Ուշադրությունս գրավեց, որ տվյալները սկսվում են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակներից, երբ, ինչպես դասականի վեպն է սկսվում, «Բայազեդը պաշարված էր»։ Այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում հայկական առաջին ջարդերը, եթե ֆեյսբուքյան օգտատիրոջ վիճակագրությունը հավաստի է, սկսվել են Կոստանդնուպոլսի թուրքական գրավումից չորս դար հետո։ (Պատմությունը, համենայն դեպս, նման փաստ չի արձանագրել, այլապես թուրքերի վայրագության ժամանակագրությունը կարձանագրեր, եւ ֆեյսբուքյան օգտատերն անպայման կօգտագործեր այն)։
Որեւէ մեկը, որքանով դիտարկվում է հայ պատմա-քաղաքագիտական «ծովածավալ գրականությունից», երբեւէ չի անդրադարձել մի սկզբունքային հարցի․ «Երբ թուրքերն իրենց Ալթայից կամ մանջուրիական-միջինասիական տափաստաններից եկան, աշխարհի քաղաքական համակարգում Հայաստան պետություն կա՞ր»։
Սելջուկները Մանազկերտի ճակատամարտում ո՞ւմ են հաղթել, ժամանակ անց ումի՞ց են գրավել Կոստանդնուպոլիսը։ Հայաստանի՞ց։ Ոչ մի նշանակություն չունի, որ Անատոլիայի բնակչության գուցե մեծամասնությունը հայկական էր կամ Պոլիսը նաեւ հայաբնակ էր։ Պատերազմում պարտվել է Բյուզանդիան, Կոստանդնուպոլիսը՝ վերանվանվել Իսթանբուլ (Ստամբուլ), որ մոտ վեց հարյուր տարի է՝ թուրքական քաղաք է։
Ինչպես որ Սիմֆերոպոլը ներկայումս ռուսաստանյան է։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ Թեոդոսիայում է ծնվել աշխարհահռչակ ծովանկարիչ Այվազովսկին, որին «հայ» միայն մենք ենք կոչում։ Աշխարհում նրան գիտեն որպես «ռուս մորենիստի»։ Ինչպես որ ցարական Ռուսաստանի պետական-ռազմական գործիչ էր Լորիս-Մելիքովը կամ լուսավորության նախարար Դելյանովը, որ, ասում են, նույնպես էթնիկ հայ էր։ Եթե առաջնորդվենք էթնիկ ծագումնաբանության կանխավարկածով, ապա հայ էր նաեւ Անդրկովկասյան ՎՉԷԿԱ-ի նախագահի տեղակալ Բոգդան Քոբուլովը, հայ էր Հայհեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը։ Հա՜յ էր Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Գաբրիել Նորատունկյանը։
Մոտ մեկ ամիս առաջ երեւանյան լրագրողի տված հարցազրույցում տարակուսանք արտահայտեցի, թե Երեւանում ինչո՞ւ ունենք ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանի արձանը, եւ նա անակնկալի եկավ։ Մի քանի տարի առաջ շոկ ապրեցի, երբ իմացա, որ Գելիբոլուի ճակատամարտի հրետանային ապահովության համար ազգությամբ հայ մի քանի սպաներ Օսմանյան կայսրության զինվորական շքանշանների են արժանացել։ Այն դեպքում, երբ Կոստանդնուպոլսի հայերը տոնական հրավառություն էին անում եւ ի փառս դաշնակիցների շամպայն խմում, որ ահա կգան եւ կազատագրեն Ոսկեղջյուրը, Բոսֆոր-Դարդանելի նեղուցը եւ կփրկեն հայ քրիստոնյաներին․․․
Թող ինձ ներեն, եթե սխալվում եմ, բայց, կարծեմ, Գելիբոլուի ճակատամարտում իրենց Ստամբուլ մայրաքաղաքն ապահովագրելուց հետո է, որ թուրքերը պոլսահայ մտավորականության ջարդ են կազմակերպել։
Պատմությունը, հարկավ, չգիտի «եթե»։ Եվ, գուցե, արդարացի են նրանք, որ պնդում են, թե «ամեն դեպքում թուրքերը ցեղասպանություն իրականացնելու էին»։ Ծանր հարց է։ Անտանելի ծանր։ Բայց համաշխարհային առաջին պատերազմի պատմությունը Վանի ինքնապաշտպանության մեր տառապանքը, հույսը եւ հիասթափությունը գոնե մեկ-երկու տողով արձանագրե՞լ է։
Դեռեւս 1915-ի գարնանը Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը կես տող ունի՞ Հայաստանի, հայ ժողովրդի «անատոլիական դժոխքի» եւ դրանից ելքի մասին։ Չունի։ Թուրքերը կամ նրանց էթնիկ նախնի սելջուկները Մանազկերտի ճակատամարտում հաղթել են հույն-բյուզանդացիներին, Կոստանդնուպոլիսը գրավել են հույներից։ «Բայազեդը պաշարված էր»՝ դա հայկական վերջնագիր չէր թուրքերին։ Վերջնագիրը, գուցե, գեներալ Տեր-Ղուկասովն էր ստորագրել։ Բայց նա Նորին Գերազանցություն Համայն Ռուսիո կայսեր անունից էր խոսում․․․
Ո՞րն է այս իրական ժամանակում Հայաստանի առարկայական խոսքը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։