Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո մեկնարկել է Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը: Պառլամենտի ստորին՝ Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուներին իրավունք ունեն առաջադրելու մինչեւ հոկտեմբերի 24-ի 14:00-ն:
Թեկնածուն պետք է ստանա խմբակցության 357 պատգամավորներից առնվազն 100-ի աջակցությունը: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները կանցնեն հաջորդ փուլ, որում էլեկտրոնային տարբերակով քվեարկությանը կմասնակցեն Պահպանողական կուսակցության անդամները: 2-րդ փուլի արդյունքները կամփոփվեն մինչեւ հոկտեմբերի 28-ը:
Վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարող հիմնական հավակնորդները երեքն են՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն ու Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը:
Սունակն արդեն ստացել է ավելի քան 100 պատգամավորի աջակցությունը: Բրիտանական Sky News-ի տվյալներով՝ Ջոնսոնն առայժմ վայելում է 67 պատգամավորի աջակցությունը, իսկ Մորդոնտը, որը հավակնորդներից միակն է, որը պաշտոնապես հայտարարել է ընտրապայքարին մասնակցելու մասին, ներկա պահին վայելում է Պահպանողական խմբակցության ընդամենը 18 անդամի աջակցությունը: