ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Փաշինյանը կողմերին շնորհավորել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ եւ ընդգծել, որ իր կարծիքով` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է ՀՀ եւ ԻԻՀ մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։ Փաշինյանը նշել է, որ նախագահ Ռաիսիի հետ իր զրույցը երկարաժամկետ տրամաբանություն է ստանում:
Իրանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Փաշինյանի ու Ռաիսիի հանդիպումը Նյու Յորքում շատ կարեւոր հարցեր եւ համաձայնեցումներ էր պարունակում։ Աբդոլահիանը նաեւ շեշտել է, որ Ռաիսին խնդրել է փոխանցել եւ եւս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։
«Մենք կարեւորում ենք մեր հարեւան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես եւ իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԻԻՀ արտգործնախարարը նշել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարեւոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին եւ կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Աբդոլահիանը հավելել է, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ: