ՌԴ Պետդումայից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի, ընդհանուր առմամբ պետք է զորակոչվի Ռուսաստանի 300 հազար քաղաքացի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ մասնակի զորահավաքը կավարտվի երկու շաբաթից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ այն շրջաններում, որտեղ զորահավաքին առնչվող առաջադրանքները կատարվել են, զորահավաքային գործընթացը դադարեցվել է։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը աջակցություն էր հայտնել զորահավաքից խուսափող ռուսաստանցիներին եւ հանդես է եկել մարդասիրական վիզաներ տրամադրելու նախաձեռնության օգտին։
Պահեստազորայիններին ուղարկում են ամենաթեժ կետեր. ՈՒԱԾ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ վերջերս զորակոչված եւ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ի շարքերում կռվող ռուսաստանցի պահեստազորայիները զանգվածաբար ահազանգում են, որ իրենց «նետում են» ամենաթեժ մարտերի վայրեր:
Ուկրաինայի իշխանությունները հատուկ հեռախոսահամարներ են փոխանցում ռուսաստանցի զինծառայողներին, որոնք չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի եւ ցանկանում են ողջ մնալ: «Որքան շատ մարդ հանձնվի գերի Ուկրաինայի իշխանություններին, այնքան արագ կվերջանա պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ:
Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտի (ISW) ավելի վաղ արված գնահատականներով՝ ժամանակին պարտադիր զինծառայություն անցած պահեստի զինապարտներն առաջիկա ամիսներին էական մարտական ուժ չեն կարողանա ապահովել ՌԴ զինված ուժերում: