Գյուղական համայնքների ներուժը հայտնաբերելու, զարգացման նոր հնարավորություններ փնտրելու եւ գյուղերը տնտեսապես ուժեղացնելու նպատակով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) արդեն երրորդ տարին Լոռիում համախմբում է տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների Հայաստանից, Արցախից եւ արտերկրից։
Քննարկումների միջոցով նրանք ներկայացնում են այն հաջողված փորձը, որն ունեցել են որեւէ գյուղական համայնքում ծրագրեր իրականացնելիս։ Նաեւ պատմում են եղած դժվարությունների եւ դրանց հաղթահարման մասին։
«Տարին մեկ բոլոր դերակատարները հավաքվում են այս հարթակում ու պատմում իրենց փորձի մասին։ Նրանք տարբեր անհատներ, մասնավոր ու պետական կազմակերպություններ են, որոնք այս կամ այն կերպ հետամուտ են գյուղական համայնքների զարգացման նպատակին։ Քննարկումները նաեւ լավ հնարավորություն են թեկուզ հենց ծանոթությունների եւ նեթվորքինգի համար»,- ասաց ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի ղեկավար Դավիթ Մանուկյանը։
Գյուղական համայնքների զարգացման համաժողովի գործընկերը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։
Զարգանալ նշանակում է փոխվել
Երրորդ համաժողովի թեման ձեռներեցությունն էր, որի շուրջ ընթացան ագրոտեխնոլոգիային, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, գյուղական սթարթափներին եւ էկոտուրիզմին վերաբերող պանելային քննարկումներ։
Ամերիկյան համալսարանի դասախոս Զարմինե Զեյթունցյանը, որ նախկինում Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է ղեկավարել, խոսեց էկոտուրիզմի առանձնահատկություններից ու համայնքներում դրա տնտեսական, սոցիալական, մշակութային ազդեցությունից։ Ըստ բանախոսի՝ բիզնես-գործունեությունը պետք է չխախտի տվյալ տարածքի էկոհամակարգը (մարդ, բնություն, բնության հուշարձաններ)։
«Պետք է լինի պետական քաղաքականություն, հարկերի միջոցով պիտի խրախուսվեն այն բիզնեսները, որոնք կայուն սկզբունքներ են հետապնդում։ Օրինակ՝ ինչպես են աղբը վերամշակում, էներգիա ստանում, ինչքանով են օգտագործում տեղի ռեսուրսները կամ աշխատանքով ապահովում տեղի մարդկանց՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը։ Այս ամենը պիտի հաշվի առնել որպես տնտեսական շատ կարեւոր ազդեցություններ եւ օրենքով հստակ սահմանել էկոտուրիզմի հիմունքները»,- ասաց բանախոսն ու նկատեց՝ զբոսաշրջությամբ զբաղվող համայնքներում քչանում են գյուղական տնտեսությունները, հարկավոր է հավասարակշռել։
Գյուղերի զարգացման թեման շարունակելով՝ Շիրակի մարզում գործող «Հյուսիս» արկածային ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը սեփական բիզնեսի օրինակով անդրադարձավ փոփոխությունների գործոնին։
«Զարգանալ նշանակում է փոխվել։ Սա է առաջին բազային հարցը, որի պատասխանը պետք է ունենալ, երբ որեւէ բնակավայրում ուզում ես բիզնես հիմնել, տուրիզմ զարգացնել։ Եթե ուզում ենք զարգացում, պիտի փոխենք մարդկանց վարքագիծը, իսկ եթե մարդիկ չեն ուզում փոխվել, արհեստականորեն չպետք է ոչինչ անել»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց՝ իրենց բիզնեսը թեպետ ռեսուրսների պակաս ունի, բայց հանդիպել են մարդկանց, որոնք ցանկացել են, որ դա հենց իրենց մոտ (Աշոցք) տեղի ունենա։
Rafting Republic ընկերության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանն այս համաժողովը մարզային զարգացման լավագույն մոդելներից մեկն է համարում՝ կարեւորելով դրա մուլտիպլիկատիվ ազդեցությունն ու նոր գործընկերներ ձեռք բերելը։ Նրա համոզմամբ՝ զբոսաշրջության կոմիտեն, գյուղոլորտի պետական մարմիններն ու համայնքապետները պիտի առավել շահագրգռված լինեն ներկա լինելու, որովհետեւ «սա մի հարթակ է, որտեղից երեւում է, թե ինչ է կատարվում ամբողջ Հայաստանում»։
Համեր եւ գույներ Արցախից ու Հայաստանից
Գյուղերի զարգացմանը միտված համաժողովում ամենատպավորիչը էքսպո հատվածն էր։ Բնության բարիքներից մինչեւ ռոբոտներ։
Լրագրող Սրբուհի Վանյանն Արցախից Լոռի էր բերել կտորի վրա տպագրված իր անհատական նկարները՝ «Մին թաքուն տեղ» բրենդով։ Առաջին տեսականին եւ առաջին ցուցադրությունն էր։
«Իրականում այս անվան տակ հյուրատուն պիտի լիներ, որտեղ նաեւ արվեստ էր ներկայացված լինելու։ Արցախ եկողները պիտի ծանոթանային մեր գողտրիկ բնությանը, ավանդույթներին, բայց քանի որ էսպես ստացվեց (հեղ․՝ պատերազմ եղավ), որոշեցինք սկսել փոքրից եւ արվեստը դուրս բերել։ Արցախում շատ են օգտագործում «մին թաքուն տեղ պիտի պար կյաս» արտահայտությունը, ու ինչպես Արցախն է մին թաքուն տեղ, այնպես էլ արվեստն իմ մեջ թաքնված էր, եւ բացահայտվեց պատերազմի օրերին»,- ներկայացրեց ձեռնարկատերն ու հավելեց՝ չնայած տարածաշրջանային իրավիճակին՝ փորձում են շրջանցել դժվարությունները․ տնտեսության մեջ պիտի շարժ լինի, որ թե՛ մարդիկ, թե՛ երկիրը կարողանան ապրել։
Կարգախոսը՝ բնության բարիքների հետքերով, արտադրանքը՝ մեղր (մեկ տասնյակից ավելի տեսակներով՝ ալպիական, լեռնային, ձագի, վայրի, միածաղկային եւ այլն)։
«Հաթերք Ֆուդ»-ի արմատներն Արցախում են։ Սոցիալական ձեռնարկությունը 2018-ին Մարտակերտի Հաթերք գյուղում է հիմնադրվել, ընդգրկել է նաեւ Քարվաճառը։ Իսկ պատերազմից հետո ստիպված են եղել նաեւ Հայաստանում արտադրություն կազմակերպելու, որտեղ գործը, կարելի է ասել, սկսել են զրոյից։
«Արտադրությունն ինքնին շատ զգայուն է․ մի տարի երաշտ է, մյուս տարի անձրեւներն են շատ, փորձում ենք կայուն գյուղատնտեսությամբ զբաղվել՝ մեղուների տեղափոխումների հաշվին նվազեցնելով ռիսկերը։ Մեծ ներդրումներ ենք արել, եւ քանի որ մեր սոցիալական առաքելությունը մեղվաբուծության ոլորտի զարգացումն է, ներդրումները մեծ մասամբ ուղղել ենք սոցիալական ծրագրերին․ հազարից ավելի մեղվաբույծների ենք անվճար կրթել»,- պատմեց «Հաթերք Ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանը։ Իսկ որպես խնդիր առանձնացրեց արտահանման դժվարությունները (փաթեթավորում, միջազգային ստանդարտներ եւ այլն), ինչով պայմանավորված՝ արտադրանքը ներկայում միայն Դուբայ եւ Քաթար են արտահանում։
Ի դեպ, այս տարի «Հաթերք Ֆուդ»-ը լոնդոնյան PENTAWARDS հեղինակավոր մրցանակաբաշխության ոսկե մեդալին է արժանացել կամ, ինչպես մասնագետներն են նշում, «փաթեթավորման դիզայնի օսկարի»։
Հայաստանում անցկացվող փառատոներին եւ ցուցահանդես-վաճառքներին գրեթե միշտ ներկա Լոռվա Apricot-ը սոցիալական ձեռնարկություն է, որ օրգանական թեյեր, շոկոլադ ու հիմնականում հուշանվերներ է արտադրում։ Անսահմանափակ հուշանվերները պատրաստում են սահմանափակ կարողություններով մարդիկ։ Apricot-ն ամենօրյա աշխատանք է երեսունից ավելի հաշմանդամների համար, որոնք նախկինում որեւէ այլ տեղ չեն աշխատել եւ կազմակերպության միջոցով են «վերադարձել հասարակություն»։
Apricot-ի հիմնադիր Գայանե Խաչատրյանը երկու խնդիր առանձնացրեց՝ արտադրանքով հետաքրքրվողներն (հուշանվերների խանութներ, հյուրատներ, գաստրոբակեր) իրենց հետ հիմնականում ապառիկով են աշխատում, ինչից արտադրության ընթացքը դանդաղում է։ Ձեռնարկության համար հաջորդ խնդիրն արտահանման ուղիներ գտնելն է։
Գյուղական համայնքների զարգացման համաժողովի ամենատարբերվող հյուրը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն էր՝ հայտնի կատարումների սպասումով․ բրիտանական ռոքից դեպի արմատներ՝ «Երկիր Հայրենի»։
Նաեւ Լոռիից դուրս
Գյուղական համայնքների զարգացման համաժողովում Արցախն, ըստ կազմակերպիչների, նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ներկայացվածություն ուներ։ Իսկ Հայաստանի երեք մարզեր՝ Արարատը, Վայոց ձորն ու Սյունիքը, չեն մասնակցել համաժողովին․ վերջին երկուսի դեպքում պատճառը սեպտեմբերի պատերազմական իրավիճակն է եղել։
«Մեր համայնքները պիտի կարողանան գեներացնել գաղափարներ, որոնք կտանեն զարգացման։ Դեբետը պիտի միակը չլինի, պիտի ընդլայնվի այն նպատակով, որ մենք կարողանանք այստեղ ձեռք բերված փորձը, գիտելիքը դարձնել օրինակելի, տիրաժավորման ենթակա՝ թե՛ պետական ու թե՛ տեղական համայնքային ռեսուրսներով»,- համաժողովի իր ելույթում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ խոսեց ՔՈԱՖ-ի՝ այլ մարզերում նույնպես նման համաժողովներ կազմակերպելու մտադրությունից։
«Խոսքերի համար չենք էստեղ, այլ աշխատելու, կիսվելու, հասկանալու, թե ինչ կարող ենք միասին անել։ Պիտի հնարավորինս աշխատենք ամեն օրվա գրաֆիկով, որպեսզի մյուս համաժողովներին միմյանց հետ նոր փորձառություններ կիսենք։ Ու զարգացող ածականը դարձնենք զարգացած»,- ամփոփեց Խաչատուրյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։