ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին այցելել է Սյունիքի մարզ եւ հանդիպել մարզպետարանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած վերջին ագրեսիայի հետեւանքները։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաեւ սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստան գործուղելու որոշումն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի քարտուղարությունը ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ։
Ավելի վաղ Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը։
«Ռումինիան նպաստում է այս աշխատանքներին առաքելության փորձագետների հետ` եւս մեկ անգամ ապացուցելով մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերում»,– իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է Աուրեսկուն։
Ռումինիայի արտգործնախարարը նշել է նաեւ, որ ԵՄ առաքելությունը ակտիվ դեր է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման հարցում։