ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ երեք երկրների արտաքին գործերի նախարարություններն անհիմն են որակել Կիեւի՝ այսպես կոչված «կեղտոտ ռումբ» օգտագործելու հնարավորության վերաբերյալ ռուսական կողմի նախազգուշացումները։
Միաժամանակ, երեք պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները նաեւ վստահեցրել են, որ մտադիր են աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ գործընկերներին է ներկայացրել ուկրաինական կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունները։