Հակառուսականությունը Հայաստանում լայն տարածում է ստացել։ Նորաձեւ այդ հոսանքը վերջին երեք հարյուր տարիներին հայ ժողովրդի հետ պատահած բոլոր դժբախտությունները վերագրում է Ռուսաստանին՝ դիտարկելով դրան որպես տիեզերական չարիք, որը սպառնում է Հայաստանի գոյությանը։
Հաշվի առնելով քարոզչական այս թեզերի վտանգավորության աստիճանը, կեղծիքների եւ միֆերի քայքայիչ ներգործության հնարավորությունը՝ որոշեցի գրել հայ-ռուսական պատմական փոխհարաբերությունների վերաբերյալ հակիրճ եւ ընդհանրական դատողություններով այս ակնարկը։
Հայ ժողովուրդն ու Ռուսաստանը բավականին երկար ճանապարհ են անցել իրար հետ։ Ճանապարհն այդ հարթ չէ, այնտեղ կան բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ եւ անհաղթահարելի թվացող ստորջրյա քարեր։ Ես ռուս պրոպագանդիստ չեմ եւ ոչ էլ ԱԳՆ-ի չինովնիկ ու, դրանից ելնելով, քարոզչական կամ էլ պրոտոկոլային ձեւակերպումներ կիրառելու պետք չունեմ, ինչպիսիք են, օրինակ, հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ռազմավարական դաշինքը, եղբայրությունը եւ այլն։
Լինենք անկեղծ եւ իրերը կոչենք իրենց անուններով՝ հայ-ռուսական հարաբերություններն ի սկզբանե կառուցարկվել են գերակայի եւ ստորակայի տրամաբանությամբ, ինչն ավելի քան տրամաբանական է եւ օրինաչափ։ Այս պարզ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրողությունը չընկալող արդի արեւմտամետները հաճախ այնպիսի հռետորաբանությամբ են հանդես գալիս, որ կարծես թե 19-րդ դարում Հայաստանն անկախ թագավորություն էր, իսկ դավադիր ռուսներն եկան ու ստրկացրին հպարտ, ինքնիշխան հայերին։
Համենայն դեպս նրանք խոսում են հենց այդ տոնայնությամբ՝ մոռանալով, որ մինչեւ ռուսական տիրապետությունը հայերը ապրում էին ֆեոդալական Իրանի եւ Օսմանյան կայսրության ծանրագույն լծի տակ։ Ի դեպ, նրանք, որպես կանոն, հավասարության նշան են դնում պարսկական, օսմանյան եւ ռուսական տիրապետությունների միջեւ, ինչը նույնպես մեծագույն կեղծիք է։
Ի տարբերություն Սեֆյան Պարսկաստանի եւ Օսմանյան Թուրքիայի՝ 17-18-րդ դարերում Ռուսական կայսրությունը շատ ավելի զարգացած տերություն էր, ինչը բնականաբար չէր կարող ուղիղ ազդեցություն չթողնել նաեւ նվաճված ժողովուրդների վրա։
14-17-րդ դարերում մոնղոլական, թուրքմենական եւ թյուրքական ծանրագույն տիրապետության պայմաններում վարչական եւ քաղաքական ինստիտուտները հայկական միջավայրում գրեթե ամբողջությամբ կազմաքանդվեցին ու փոշիացան։ Որպես կենսունակ համակարգ դրսեւորվեց միայն Հայ առաքելական եկեղեցին, որը բնականաբար ի զորու չէր ապահովելու հանրության արդիականացման եւ կերպափոխման գործընթացը, երաշխավորելու ֆեոդալական միջավայրի ցատկը դեպի նոր ժամանակներ։
Աստիճանական այդ գործընթացը պետք է իրագործեին բուրժուաների կերպափոխվող հայ իշխանները, որոնք, ցավոք, այդպես էլ անհետացան ու անէացան պատմության հաստ փոշու տակ։ Փաստացի հայ ժողովուրդը մնաց 1441-ին Էջմիածին տեղափոխված կաթողիկոսական աթոռի՝ «Հայկական Վատիկանի» եւ «քրիստոսասեր» մուսուլմանական տիրակալների միահեծան տիրապետության ներքո՝ մշակութաստեղծ համակարգից կերպափոխվելով կրոնաէթնիկական պարզագույն հանրույթի, որի միակ կենսունակ ինստիտուտը միլլեթն էր։
Բնականաբար ինստիտուցիոնալ կազմաքանդման հետեւանքով քայքայվում են նաեւ հայկականության վարչաքաղաքական սահմանները, այսինքն՝ Հայաստան եզրույթը որպես այդպիսին անհետանում է ոչ միայն միջազգային հարաբերություններից, այլեւ մարդկանց գիտակցությունից։ Մեծ Հայքի պատմական նահանգները դառնում են սոսկ այս կամ այն կայսրության հայաբնակ գավառներ, իսկ մարդու քաղաքական կենսագործունեությունը՝ սահմանափակվում իր երդիկով եւ անասուններով։
Զանգվածային արտագաղթը, հայերի իրավազուրկ եւ մեկուսացած կարգավիճակը, ինչպես նաեւ շահ Աբասի կազմակերպած բռնագաղթն ու Արեւելյան Հայաստանի ամայացման քաղաքականությունը հանգեցնում են նրան, որ հայկական տարրը Հայկական լեռնաշխարհում դառնում է օտար ու խորթ։ Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ արդեն 17-19-րդ դարերում Արեւելյան Հայաստանում եւ հատկապես Արարատյան դաշտում հայերն այլեւս փոքրամասնություն էին։
Իհարկե, ի պատասխան այս դժգույն նկարագրության, քննադատները կարող են մատնանշել Արցախի մելիքների, Դավիթ- Բեկի, Զեյթունի իշխանների օրինակները։ Ստիպված ենք արձանագրել, որ պարսկա-թուրքական տիրապետության պայմաններում որքան էլ սրանք հերոսական դիմադրության օջախներ լինեին, այնուամենայնիվ, դրանց նշանակությունը տեղային էր ու խիստ սահմանափակ, եւ դժվար թե երբեւէ համահայկական դերակատարություն ստանձնեին։ Արցախի մելիքներն ու Զեյթունի իշխանները լեռներում ծվարած Հին Հայաստանի ֆեոդալական մնացուկներն էին եւ նոր ժամանակներում դատապարտված էին կործանման։
Ահա այսպիսի ծանրագույն իրավիճակում էր հայ ժողովուրդը, երբ Դերբենտի մատույցներում նշմարվեց ռուսական նվաճողական ալիքը։ Այսինքն` սա ազատ ու երջանիկ հանրույթ չէր, որին ռուսները նվաճեցին եւ ճորտացրին։ Ընդհակառակը՝ ճորտերը ռուսական ոգու մեջ ազատության հասնելու հույս տեսան, եւ հենց այդ նաիվ երազանքն էլ հայ ժողովրդին վերստին գործոն դարձրեց տարածաշրջանում։ Վրացիներն ու հայերը մեծագույն ներդրում ունեցան Այսրկովկասից Պարսկաստանին վտարելու գործում՝ սիրահոժար եւ գրկաբաց ընդունելով ռուսական տիրապետությունը։
Նույն նվիրվածությամբ հայերը մասնակից դարձան նաեւ ռուս-թուրքական պատերազմներին՝ ծրագրելով տաճկահայերի ազատագրությունը արդեն իսկ oսմանյան լծից։ Բնակաբանար ռուսական ենթակայությունը «Երկնային Երուսաղեմը» չէր, ինչպես ակնկալում էր բազմաչարչար հայ ժողովուրդը։ Երեւի թե միայն թուրքմենական ցեղերի տիրապետությամբ ապրող հայ ռամիկի մտքով կարող էր անցնել, որ նոր ձեւավորվող վայրի կապիտալիստական ու գաղութատիրական աշխարհում դրա առանցքային գաղափարախոսներից մեկը ինչ-որ պարզունակ զանգվածի պետք է ազատություն շնորհի։
Ռեչ Պոսպոլիտայի եւ Ղրիմի թաթարների հարցերը հազիվ լուծած կայսրությունը իր քթի տակ՝ ծայրագավառում, պետք է հայկական թագավորություն ստեղծե՞ր։ 19-րդ դարի ռամիկին չի կարելի քննադատել պատրանքներին հավատալու համար, բայց 21-րդ դարում այդ նույն առասպելի հիմքի վրա Ռուսաստանին դավաճանության համար մեղադրողներին տգետ անվանել կարելի է։
Ռուսաստանի համար Այսրկովկասը բնականաբար գաղութ էր՝ հումք արտահանելու եւ էժան աշխատուժ (ճորտեր) ձեռք բերելու տարածություն, ինչպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի համար Հնդկաստանը կամ էլ Ֆրանսիայի համար իր Աֆրիկյան գաղութները։ Իսկ քաղաքական իմաստով հայերը գործոն էին զուտ որպես Օսմանյան կայսրության դեմ մարտնչելու եւ տարածաշրջանի մուսուլմանական վտանգավոր տարրերին հավասարակշռելու տեսանկյունից։
Ցարիզմը որպես այդպիսին իր ռեպրեսիվ ներգործությամբ ծանրագույն լուծ էր հայ ժողովրդի համար։ Ասվածի լավագույն վկայությունն են աշխատավորների եւ գյուղացիության շահագործումը, Հայոց եկեղեցու եւ դպրոցների դեմ ոտնձգությունները, ազգային գործիչների հետապնդումները, արեւելահայ ռազմաքաղաքական ռեսուրսների արհեստական վատնումը հանուն արեւմտահայության ազատագրության հորինված խայծի, հայ-թաթարական արհեստական բախումների հրահրումը եւ այլն։
Բայց նույնիսկ այս քայքայիչ իրողությունների պայմաններում ռուսական ենթակայությունը շատ ավելի առաջադիմական էր, քան պարսկական կամ էլ օսմանյան տիրապետությունը։ Ինչպես արդեն արձանագրեցինք, պարսկական ենթայակության պայմաններում հայկական տարրը Արեւելյան Հայաստանում ոչնչացման եզրին էր։ Թերեւս հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ներկայումս ադրբեջանցիները Երեւանը, Սյունիքը եւ Գեղարքունիքը համարում են իրենց պատմական տարածքները, քանի որ տարատեսակ գործոնների եւ հատկապես շահ Աբասի իրագործած բռնագաղթի հետեւանքով Արարատյան դաշտը ողողվեց թյուրքական տարրով, Նախիջեւանն այդպես էլ չվերականգնվեց։
Իսկ օսմանյան տիրապետության վերջնարդյունքը Ցեղասպանությունն էր։ Ի տարբերություն Արեւելյան Հայաստանի՝ արեւմտյան հատվածում դեռեւս պահպանվել էր հայկական խիտ բնակչություն։ Մեծ Բրիտանայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջամտությամբ հայկական այդ գավառներում ինչ-որ մի փուլում կարող էին պետականության սաղմեր ի հայտ գալ՝ հիմք դառնալով ապագա անկախության կամ էլ Ռուսահայաստանի հետ միավորման համար։ Փլուզվող Օսմանյան կայսրությունը թերեւս հենց այդ գործընթացն էր կանխարգելում՝ ցեղասպանելով հայ ժողովրդին։
Ի դեպ, արդի Թուրքիան հայերի զանգվածային տեղահանությունն ու ոչնչացումը փորձում է արդարացնել այն հանգամանքով, որ իբրեւ թե ոչ վաղ անցյալի ամենահավատարիմ հպատակները դավաճանել էին կենտրոնական իշխանությանը՝ գործելով որպես 5-րդ շարասյուն եւ համագործակցելով ռուսների հետ։ Ցավոք, քարոզչական այդ թեզը որոշակի տարածում է ստացել նաեւ արդի Հայաստանում, եւ ռուսատյաց գործիչները չեն խորշում նույնիսկ մեկ ու կես միլիոն հայերի սպանդը փաթաթել ռուսների վզին։
Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու էր ռուսական տիրապետությունը շատ ավելի առաջադիմական ու արդյունավետ հայ ժողովրդի համար։ Անհրաժեշտ է նկատել, որ հենց Ռուսական կայսրության ծիրում է Արեւելյան Հայաստանը սաղմնավորվել ու ձեւավորվել՝ դառնալով քաղաքական գործոն։ Մինչեւ ռուսական տիրապետությունը Երեւանը (Էրիվանը) զուտ թյուրք-թուրքմենական, իսկ ավելի ուշ նաեւ խանական վարչա-քաղաքական կենտրոն էր եւ ոչ ավելին։ Իսկ ռուսների վարչաքաղաքական եւ ժողովրդագրական քաղաքականության հետեւանքով հայերը վերստին տիրապետող դիրքեր զբաղեցրին իրենց բուն հայրենիքում՝ գոնե գիտակցական մակարդակում ճշգրտելով իրենց գոյության եւ գործունեության տարածությունը։
Ռուսական կայսրությունում արեւելահայությունը ո՛չ ցեղասպանվեց եւ ո՛չ էլ բռնագաղթի ենթարկվեց, ընդհակառակը, դրա գոյությանը ինստիտուցիոնալ տեսք ու կառուցվածք հաղորդվեց։ Ստեղծվեց Հայկական մարզը, ավելի ուշ՝ նաեւ Երեւանի նահանգը։ Եվ այս վարչաքաղաքական համակարգերը հետագայում դարձան այն հիմքերը, որոնց վրա կառուցվեցին Առաջին Հանրապետությունը, Սովետական Հայաստանն ու Երրորդ Հանրապետությունը։
Անշուշտ, արդի Հայաստանը ինստիտուցիոնալ շարունակականության իմաստով ժառանգն է հենց Հայկական մարզի։ Այսինքն՝ Ռուսական կայսրությունը Հայաստանում արել է այն, ինչ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան իրենց գաղութներում։ Դրանք հալածանքներից, բռնաճնշումներից, թալանից անդին ստեղծել ու ժառանգություն են թողել կենսունակ համակարգեր, որոնց հիմքի վրա գաղութացված ժողովուրդները հետագայում հռչակել են իրենց անկախությունը։
Թերեւս հենց սա է եվրոպական Ռուսաստանի, ֆեոդալական Իրանի եւ Թուրքիայի տարբերությունը։ Անհրաժեշտ է նաեւ նկատել, որ Ռուսական կայսրությունը պատմության ընթացքում ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ամենատոլերանտ քաղաքականություն իրականացնող տերություններից մեկն է եղել: Իհարկե, բացառություններ կան, բացառություններ ամեն տեղ կան, բայց նույնիսկ դրանց առկայությամբ վերեւում նշված միտքը որեւէ կասկածի ենթակա չէ, քանի որ մեր աչքի առջեւ ունենք Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի տխրահռչակ պրակտիկաները:
Ցեղասպանությունների, էթնիկ զտումների, մշակույթների ոչնչացման, ռասիզմի արատավոր դրսեւորումների մի ամբողջ շարք կարելի է կազմել, որոնք տարբեր ժամանակաշրջաններում կազմակերպել կամ էլ սանձազերծել են վերոհիշյալ գաղութային կայսրությունները: Ի տարբերություն վերոհիշյալ երկրների՝ Ռուսաստանում առաջնային պլան են մղված եղել սոցիալական անարդարությունը, ճորտատիրությունը, կոռուպցիան, բայց այս արատավոր դրսեւրումները պարզից էլ պարզ է, որ ազգային-կրոնական բնույթի չեն եւ առաջին հերթին համահավասար սկզբունքով մեծագույն դժբախտություններ են պատճառել հենց ռուս ժողովրդին:
Ազգային-կրոնական խտրականությունը Ռուսաստանում երբեք լայն ծավալներ չի ընդունել եւ չէր էլ կարող ընդունել, քանզի այդ տերությունը ի սկզբանե կառուցված է եղել հանրականության (universum) արժեքային տիրույթում: Եթե այս հանրականությունը որեւէ կերպ խաթարվի, ապա կայսերական հավակնություններ ունեցող Ռուսաստանի գոյությունը կիմաստազրկվի: Հենց այս շատ ավելի բարձր մշակութային կարգավիճակն էլ արեւելահայությանը հնարավորություն ընձեռեց առերեսվելու լուսավորական առաջադիմական գաղափարների հետ ու բռնելու քաղաքական ազգ դառնալու ճանապարհը։
Մեծ հաշվով կարող ենք պնդել, որ Ռուսաստանը միջնորդի դեր է ստանձնում հայերի եւ եվրոպական մշակույթի միջեւ, այսինքն՝ ֆեոդալական տիղմի մեջ թաղված հանրույթի արդիականացման գործընթացը մեկնարկել է կայսրության ծիրում։
շարունակելի
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։