Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: Ըստ կայքի՝ ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական լարվածության պայմաններում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում:
Նվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա:
«Քանի որ Թուրքիան եւ Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երեւանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատելու Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով»,- գրում է India Narrative-ը։
Կայքը հավելել է, որ այդ պահից ի վեր Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի նկատմամբ։
Ըստ India Narrative-ի՝ Հնդկաստանը հետեւողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով: