Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմ է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ ձեւաչափ նախաձեռնելուն։
Ալիեւը նշել է, որ եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ են այսօրվանից սկսելու այդ ձեւաչափը: Նա հավելել է, սր Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ալիեւը նշել, է, որ ինքը Վրաստանի վարչապետին տեղեկացրել է Բաքվի եւ Երեւանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։
«Մենք Հայաստանին ներկայացրել ենք հինգ հիմնական սկզբունքներ եւ հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի ու կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն»,- ընդգծել է Ալիեւը։