Ըստ իրանական «Mehr» գործակալության՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիսարեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի սահմանին՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգի Պասվայի եւ Պիրանշահրի շրջանում, լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին:
Զորավարժություններն անցկացվում են գիշերային ժամերին՝ ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:
Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցող զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասում հարեւան երկրների դեմ:
«Ովքեր պետք է Իրանի զորավարժությունների անցկացման մասին ծանուցում ստանային, արդեն ստացել են այն եւ դեռ կստանան»,- շեշտել է Կանաանին։