Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեյդին հայտարարել է, որ կուսակցության ղեկավար է դարձել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որը կզբաղեցնի նաեւ երկրի վարչապետի պաշտոնը։
Ռիշի Սունակը միակն է, որ առաջադրել է այս պաշտոնում իր թեկնածությունն այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը:
Վարչապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանային խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամների ոչ պակաս, քան 100–ի աջակցությունը։
Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, անկախ սպասումներից, հոկտեմբերի 23-ին ինքնակամ դուրս եկավ ընտրապայքարից։
Արտահերթ ընտրությունների անցկացումը բացառվում է. Սունակ
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին ընտրված Ռիշի Սունակն ավելի ուշ խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում համընդհանուր արտահերթ ընտրությունների անցկացումը բացառվում է։ Արտահերթ ընտրությունների անցկացում էր պահանջում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը։