ՀՀ առողջապահության նախարարությունը Ազատության հրապարակում անցկացրեց «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով իրազեկման արշավը։ Նպատակն էր տարեցների շրջանում իրազեկել ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի կարեւորության եւ առողջ ծերացման մասին։ Տարեցները նախ լսեցին մասնագետների խորհուրդները, ապա տաղավարներում առողջ սնունդ պատրաստեցին, կատարեցին ֆիզիկական վարժություններ։
Առողջապահության նախարարությունն իրազեկման արշավ անցկացնելիս համագործակցել է մի շարք կազմակերպությունների (ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Հայկական Կարիտաս», «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, Հայ կարդիոլոգների ասոցիացիա, տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա) հետ։ Իրազեկման արշավները լինելու են շարունակական․ թիրախում լինելու են տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ։ Արշավները կանցկացվեն նաեւ մարզերում։
«Առաջին անգամ առողջ ծերացման թեմայով իրազեկման արշավ անցկացրինք։ Մեզ համար այս ծրագիրը պիլոտային էր։ Տարեցներին բացատրում էինք՝ ինչպես կարելի է առողջ սնվել, առողջ ապրելակերպ ունենալ, ծերության տարիներին էլ լինել առողջ ու ակտիվ։ Տարեցները հետաքրքրությամբ էին լսում, հարցեր էին տալիս մասնագետներին։ Իսկապես հաջողված արշավ էր»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը։
Իրազեկման ընթացքում կային տարեցներ, որոնք իրենց օրինակով ցույց տվեցին՝ 80 տարեկանից հետո կարելի է լինել ակտիվ եւ առողջ։ Արշավին մասնակցող տարեցներից ոմանք արդեն լավ տեղեկացված էին առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի մասին եւ արշավի մյուս մասնակիցներին ոգեւորությամբ պատմում էին այդ մասին, ոմանք էլ արշավի ընթացքում սովորեցին առողջ սնունդ պատրաստելու նոր բաղադրատոմսեր։ Մասնագետներն արշավի մասնակիցներին սովորեցրին կատարել նեյրոբիկ վարժություններ, որոնք շատ կարեւոր են առողջ ծերացման համար։
«Նեյրոբիկ վարժությունները խթանում են ուղեղի կենսագործունեությունը։ Ինչպես աերոբիկ վարժություններն են մկանները զարգացնում, նեյրոբիկ վարժությունները զարգացնում են ուղեղի բջիջները եւ ուղեղում իմպուլսների հաղորդման նոր ուղիներ են ստեղծում։ Ես հաճելիորեն զարմացա․ արշավի ընթացքում մեծ ոգեւորություն տեսա տարեցների շրջանում․ նրանցից շատերն, իսկապես, շատ ակտիվ են եւ պատրաստ են նոր գիտելիքներ ստանալու եւ անտարբեր չեն իրենց առողջության նկատմամբ»,- ասում է Քրիստինե Գալստյանը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» բժիշկները եւս մասնակցում էին իրազեկման արշավին։ Մասնագետները հիշողության թեստավորում եւ գնահատում անցկացրին։ Թեստավորում անցավ 40+ տարիքի 35 քաղաքացի։ Նրանք տեղեկացան դեմենցիայի եւ Ալցհայմերի հիվանդության ախտանշանների, կանխարգելման եւ խնամքի կազմակերպման մասին։
Հունիսի 1-ից «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Դավոսի Ալցհայմերի համագործակցության ծրագրի շրջանակում իրականացնում է հիշողության թեստավորում եւ գնահատում։ Ակտիվորեն մասնակցում է առողջապահության նախարարության կազմակերպած հանրային իրազեկման արշավներին եւ թեստավորում է անցկացնում։
«Իրազեկման արշավների ընթացքում կարողանում ենք ավելի շատ մարդկանց թեստավորել․ առողջապահության նախարարության հետ մեր համագործակցությունը արդյունավետ է։ Շատերը ոգեւորվածությամբ մասնակցում են թեստավորմանը, ուզում են հասկանալ՝ արդյո՞ք հիշողության խանգարում կամ դեմենցիա ունեն»,- ասում է ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։
Եթե թեստավորումից հետո մասնագետները նկատում են, որ կան խնդիրներ, այսինքն՝ միջինից ցածր արդյունք է ստացվել, ապա քաղաքացին խորհուրդներ է ստանում վարժությունների, սննդակարգի, ապրելակերպի վերաբերյալ, որոնց հետեւելով՝ հնարավոր կլինի հիվանդությունը կանխարգելել։ Թեստավորման ընթացքում, անշուշտ, հանդիպում են նաեւ այնպիսիք, որոնք խուսափում են հիշողության գնահատում անցնելուց։ Խուսափողները հիմնականում տղամարդիկ են։ Նրանք իրենց առողջության նկատմամբ համեմատաբար ավելի անտարբեր են։
«Նրանցից մեկը նույնիսկ կատակեց՝ ասելով՝ եթե տան տեղը հիշում եմ, ուրեմն լավ եմ։ Այս մոտեցումն, իհարկե, սխալ է, քանի որ երբ արդեն մարդն իր տան տեղն էլ մոռանա, ուշ կլինի, հնարավոր չի լինի դեմենցիան կանխարգելել։ Իրազեկման արշավների ընթացքում ջանում ենք նաեւ այս ամենը բացատրել քաղաքացիներին»,- նշում է Օֆելյա Կամավոսյանը։
Թեստավորմանը պատրաստակամորեն մասնակցողները սովորաբար հիշողության խանգարման խնդիրներ չեն ունենում։ Իսկ նրանք, ովքեր խուսափում են թեստավորվելուց, մի տեսակ վախվորած են, թերեւս իրենք էլ են գիտակցում, որ հիշողության խանգարում ունեն, եւ իսկապես, փորձը ցույց է տալիս՝ նրանց դեպքում պատկերը մտահոգիչ է։
Հունիսի 1-ից մինչեւ հիմա թեստավորվել է 40-ից բարձր տարիքի ավելի քան 1800 քաղաքացի։ Ծրագիրն իրականացվելու է մինչեւ մայիսի 31-ը։ Երկրորդ փուլը կմեկնարկի 2023-ի հուլիսին։ Այդ փուլում հիշողության գնահատմանը եւ թեստավորմանը զուգընթաց «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն անդրադառնալու է այն քաղաքացիներին, որոնց շրջանում թեստավորման ընթացքում խնդիրներ են նկատվել։ ՀԿ-ն կազմակերպելու է դեմենցիա ունեցողների տնային խնամքը․ միջդիսցիպլինար խումբը, որում ներգրավված են հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ, այցելելու է դեմենցիա ունեցող քաղաքացիների տներ։
«Անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուր պացիենտի։ Մասնագետներն աջակցելու են ոչ միայն դեմենցիա ունեցողներին, այլեւ նրանց խնամողներին։ Այժմ մեր երկրում դեմենցիա ունեցողներին միայն ընտանիքն է խնամում, հետեւաբար խնամողները իրազեկվելու, նոր գիտելիքներ ստանալու կարիք ունեն։ Մեր մասնագետները ջանալու են բարելավել ե՛ւ դեմենցիա ունեցողների, ե՛ւ նրանց խնամողների կյանքի որակը»,- եզրափակում է Օֆելյա Կամավոսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։