Գորիսի համայնքապետարանից հայտնել են, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հոկտեմբերի 24-ին այցելել են Գորիս` ծանոթանալու սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների հետեւանքներին։
ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները` նախագահող, Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ, հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաեւ Վերիշեն, Ակներ բնակավայրեր, տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակիչների հետ: