ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը «Թափոնների մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն է ներկայացրել ԱԺ։
Ըստ նախագծի՝ Հայաստանի տարածքում գործող աղբավայրերում մշտադիտարկում չիրականացնելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` 50-100 հազար դրամի, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու համար` 100-200 հազար դրամի չափով։
Թե ով ու ինչ կարգով է իրականացնելու աղբավայրերի մշտադիտարկումը, դեռ հայտնի չէ։ Ըստ Ֆիդանյանի` այն կընդունվի տուգանքի չափերը հաստատելուց հետո։
Չնախատեսված վայրում աղբ թափելու համար արձանագրություն կկազմի նաեւ ոստիկանությունը
Ֆիդանյանը հավելել է, որ 2024-ի հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում աղբավայրերը շահագործողները հնարավորություն կունենան 2023-ի ընթացքում նախապատրաստելու աղբավայրերը մշտադիտարկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցները։
Որոշ կարգավորումներ են արվել նաեւ չնախատեսված վայրերում աղբ թափողներին տուգանելու համար։ Խախտման դեպքում արդեն արձանագրություն կազմելու իրավունք ունեն ոչ միայն տեսչական մարմինն ու համայնքային իշխանությունները, այլեւ ոստիկանությունը։
Գործը քննելու իրավունքը կվերապահվի իրավախախտումը հայտնաբերած մարմնին։