Այս տարի արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է գրանցում։ Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է հունվար-սեպտեմբերին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ այս տարվա 9 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով։ Ընդ որում՝ այդ աճն աստիճանաբար բարձրանում է։ Օրինակ՝ մայիսին տնտեսական աճը 10,2 տոկոս էր, հուլիսին՝ 13,1 տոկոս։
Ամենաշատը աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 62,5 տոկոս։ Սա գրեթե աննախադեպ բարձր ցուցանիշ է մեր երկրի համար։ Հատկանշական է, որ այս դեպքում ավելի բարձր է արտահանման աճը՝ 63,8 տոկոս, ներմուծումն աճել է 61,6 տոկոսով։ Արտահանվել է 3,5 մլրդ դոլարի, ներմուծվել՝ շուրջ 5,8 մլրդ դոլարի ապրանք։ Արտահանման ու ներմուծման տարբերությունը կրկնակիից զգալիորեն քիչ է, բայց հատկանշական է, որ այդ տարբերությունը նվազելու միտում ունի, ինչը ցանկալի է բոլոր երկրների համար։ Նախկինում Հայաստանում ներմուծումը 2,5-3 անգամ ավելի էր արտահանումից։
Երկրորդ բարձր՝ 27,1 տոկոս աճ գրանցած ոլորտը ծառայություններն են։ Հայտնի է, որ այս ճյուղը նման բարձր ցուցանիշ է գրանցում մեր երկիր եկած՝ Ռուսաստանի քաղաքացիների շնորհիվ։ Նրանք վարձակալում են հյուրանոցային համարներ, սնվում են հանրային սննդի օբյեկտներում, օգտվում են կապի եւ այլ միջոցներից։
Աճի տեմպերով երրորդը էլեկտրաէներգիայի արտադրությունն է իր 16,9 տոկոսով, հաջորդը առեւտրի ոլորտն է՝ 14,5 տոկոսով։ Տնտեսության այս հատվածի աճը եւս եղել է ռուսաստանցիների շնորհիվ, մեր երկիր եկած տասնյակհազարավոր ՌԴ քաղաքացիները սպառում են ինչպես ծառայություններ, այնպես էլ զանազան ապրանքներ։
Ռուս-ուկրաինական պատերազմը ողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ բերեց։ Կանխատեսումների համաձայն՝ այս տարի տնտեսական անկում կունենան ոչ միայն պատերազմին անմիջական մասնակից Ռուսաստանը եւ Ուկրաինան, այլեւ անգամ հզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ-ը, եվրոպական եւ այլ երկրներ։ ՀՀ տնտեսության այս աճը գրանցվում է մեր երկիր աննախադեպ թվով ռուսների այցով։ Եվ այդ աճը կայուն չի լինի։ Առաջիկա տարում կամ տարիներին, երբ ավարտվի այդ պատերազմը, նրանք վերադառնալու են իրենց հայրենիք կամ միգուցե գնալու են այլ երկիր։ Եվ իրենց հետ են տանելու մեր տնտեսության վրա թողած այս դրական ազդեցությունը։
Հունվար-սեպտեմբերին հաջորդ երկնիշ աճ գրանցած ոլորտը շինարարությունն՝ 14,3 տոկոսով։ Այս դեպքում էլ հետաքրքիր է, որ շինարարությունն իր աճի տեմպերով գրեթե հավասարվել է առեւտրի ոլորտին։ Նման բան մեր երկրում հազվադեպ է տեղի ունենում։ Տեսանելի է, որ հատկապես Երեւանում ամենուր բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Եվ այս պահին միայն մայրաքաղաքում ավելի քան 300 շինթույլտվություն է եղել, որոնց մեծ մասի կառուցումը սկսվել է։
Հատկանշական է նաեւ այն, որ հիմա բազմաբնակարան շենքեր են կառուցվում ու դեռ չկառուցված իրացվում են Երեւանի բոլոր ծայրամասերում։ Մինչդեռ նախկինում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, կառուցապատումը միայն Երեւանի կենտրոնում էր իրականացվում, կառուցված բնակարաններն էլ գնում էին միայն մեծահարուստներն ու պաշտոնյաները։ Միայն ապօրինի գույքի վերադարձման գործերով ակնհայտ է դառնում, թե անգամ միջին շարքի պաշտոնյան ինչքան գույք է ձեռք բերել կենտրոնում։ Այսօր կառուցվող բնակարանները գնում է միջին խավը, եւ դա, իսկապես, մայրաքաղաքի բնակֆոնդի սուր կարիքների հարց է լուծում։
Արդյունաբերությունը, որն իրականում ցույց է տալիս երկրի տնտեսության զարգացվածության, կայունության, հզորության մակարդակը, աճել է 10 տոկոսով։ Վիճակագրական կոմիտեն դեռ չի ներկայացրել այս ցուցանիշների ավելի մանրամասն տվյալները, որ հասկանալի լինի, թե ինչի արդյունքում է եղել այս ճյուղի աճը։ Այս պահին ընդամենը կարելի է եզրակացնել, թե քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում ոլորտում գրեթե աճ չէր գրանցվել, այս տարվա մի քիչ ակտիվությունն էլ կարող է նման բարձր ցուցանիշ ապահովել։ Եվ միակ ոլորտը, որն այս տարի նվազել է, գյուղատնտեսությունն է․ անկումը 0,7 տոկոս է։
Այս աճերին զուգահեռ մեր երկրում բավականին բարձր է նաեւ գնաճը՝ 8,6 տոկոս։ Սա 9 ամիսների համեմատական ցուցանիշն է, մինչդեռ սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ թանկացումը եղել է գրեթե 10 տոկոսով։ Թանկացումն արդեն մեծ չափով չեզոքացնում է տնտեսական աճի դրական ազդեցությունը։ Իզուր չէ, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում է, թե «գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։