ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ այսուհետեւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերը՝ անկախ բնակության վայրից եւ աշխատանք ունենալու հանգամանքից, նպաստ կստանան։ Օրենքը տարածվելու է 2023-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների վրա։
Գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ էր տրամադրվում միայն գյուղաբնակ եւ գործազուրկ ծնողներին։
Փոխնախարարը հավելել է, որ վարձու աշխատող եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023-ի հունվարի 1-ը։ Իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում` նաեւ այն հանգամանքներում, եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը։
Բյուջեից կհատկացվի 20 միլիարդ դրամ
Նպաստի չափը չաշխատող ծնողների համար կսահմանի Կառավարությունը, աշխատողների դեպքում կհաշվարկվի աշխատավարձի որոշակի տոկոսով։
2022-ին այդ նպատակով բյուջեից հատկացվել է 9 միլիարդ 350 միլիոն դրամ։ 2023-ի համար, առաջարկվող փոփոխությունները հաշվի առնելով, նախատեսված է հատկացնել ավելի քան 20 միլիարդ դրամ։