Հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանելու Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը, հաղորդում է Sabah պարբերականը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ երկար տարիներ անց սա լինելու է պաշտպանության նախարարների մակարդակում երկու երկրների առաջին հանդիպումը։
Աքարը քննարկման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել․ «Գնահատելու ենք տիրող իրավիճակը։ Մեր քաղաքականությունն ու մոտեցումները հստակ են, Թուրքիայի Հանրապետությունը վերին աստիճանի թափանցիկ քաղաքականություն է վարում։ Սա ենք պատմելու մեր գործընկերներին։ Իսկ քննարկումների արդյունքներից արդեն պարզ կդառնան մեր հետագա քայլերը»,- լրագրողներին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։