Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինան 2022-ին Եվրամիությունից ստացել է ավելի քան 19 միլիարդ եվրոյի օգնություն։ Ընդ որում՝ այդ գումարում ընդգրկված չեն Ուկրաինայի համար ռազմական մատակարարումները:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Ուկրաինային ամսական անհրաժեշտ է մինչեւ 5 միլիարդ եվրո՝ միայն բյուջետային ծախսերը ծածկելու համար, ներառյալ աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարումները: Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է Կիեւին ֆինանսավորելու ամսական 1,5 մլրդ եվրոյի չափով, ինչը 2023-ին կլինի մոտ 18 միլիարդ եվրո:
Եվրահանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Միությունը չպետք է թույլ տա Ռուսաստանին ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը: