Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Եվրոպական միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում:
Ըստ նրա՝ ԵՄ ներգրավվածության մասին է վկայում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, որը Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ չորս հանդիպում է անցկացրել, ինչպես նաեւ սեփական ջանքերը ներդրել այս ուղղությամբ:
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Կլաարը նշել է, որ տարածաշրջանում Եվրամիության ակտիվության մյուս վկայությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում:
«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարեւան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարեւոր է, որ կարողանանք կարգավորել հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ընդգծել է Կլաարը:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունը տեղում իրավիճակի եւ առկա մարտահրավերների մասին Բրյուսելին ավելի լավ կտեղեկացնի, ինչն ավելի արդյունավետորեն կնպաստի խաղաղ գործընթացի հաստատմանը: