ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, որ արտաքին ուժերը «եղբայրական Հայաստանին» ուժեղ ճնշման են ենթարկում: Զախարովան ճիշտ է՝ Հայաստանի վրա ահավոր ճնշում կա, բայց միայն Ռուսաստանի կողմից: Նույնիսկ Իրանն այդպիսի ճնշման չի ենթարկում Հայաստանին:
Խնդիրն այն է, որ Արեւմուտքը Հայաստանի ընտրությունն է, ոչ արեւմտյան կողմնորոշման համար Արեւմուտքը Հայաստանին չի պատժի, շատ-շատ դուռ շրխկացնի նրա վրա, իսկ ահա Ռուսաստանից հեռու մնալը լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել:
Ո՞ւմ պարզ չէ, որ Մեղրիի միջանցքը Ադրբեջանին պետք չէ, պետք է միայն Թուրքիային ու Ռուսաստանին, Ադրբեջանն Իրանով էլ կարող է գնալ Նախիջեւան: Ռուսաստանն է Ադրբեջանին ստիպում Հայաստանից պահանջել միջանցք, ընդ որում` հղում անելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ միջանցքի մասին խոսք չկա: Արեւմուտքը շատ-շատ ձեռք թափ տա Հայաստանի վրա, թե՝ դուք, ձեր Ռուսաստանը, իրար հետ յոլա՛ գնացեք: Այսինքն՝ Արեւմուտքը չի ճնշում իր ուզածը չստանալիս, այլ մի կողմ է քաշվում: Արեւմուտքը ոչ մեկի ականջներից չի բռնել ԵՄ կամ ՆԱՏՕ քարշ տալու համար, ընդհակառակը, գուցե մինչեւ աշխարհի վերջը խնդրես նրան, որ քեզ ընդունի ԵՄ կամ ՆԱՏՕ:
Արեւմուտքը զարմանալի խռովկան է, գործ չունի նրանց հետ, որոնք իրեն չեն ընտրում: Ռուսաստանը, ընդհակառակը, բռնությամբ կպահի նրան, որն իր հավեսը չունի: Արեւմուտքն իր ուժը գիտակցում է, գիտակցում է իր քաղաքակրթական հմայքները, գիտակցում է իր հետ զարգանալու գայթակղությունները, նա կարիք չունի որեւէ բան ստիպելու, համենայնդեպս Հայաստանից ստիպելով ինչ-ինչ բաներ Արեւմուտքը չունի ստանալու: Իսկ Ռուսաստանը Ուկրաինայի օրինակով է ցույց տալիս, թե ինչ արժե քաղաքակրթական ընտրությունը:
Հայաստանը գիտի Ռուսաստանից հեռու մնալու գինը, Ռուսաստանը երեկ նույնիսկ հաջողացրել է սպառնալ. «Մենք վճռական ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը»: Այդ դաշինքն ուղղակի զրոյացված է ադրբեջանական օկուպացիաների ֆոնին, ի՞նչ վճռական ամրապնդումներ կարող են ավելի զրոյացնել այդ դաշինքը:
Բայց հարցն էլ հենց այն է, որ Հայաստանի համար շատ ավելի հեշտ է վերադառնալ Ռուսաստանի «գիրկը», քան կանգնել Արեւմուտքի կողքին: Այնպես չէ, որ Արեւմուտքը վճռական քայլեր է անում, որ Ադրբեջանը մասեր չգրավի Հայաստանից: Բայց Ադրբեջանը գիտի, թե ինչ գին կարող է վճարել դրա համար, հազիվ ազգ են դառնում. վտանգավոր է, երբ ազգ ես դառնում ուրիշի մուննաթի ֆոնին:
Այնպես որ ռուսները Հայաստանի վրա ճնշումները չեն դադարեցնի: Իսկ ընտրությունը նույնն է՝ ինքնիշխանությո՞ւն, թե՞ ԽՍՀՄ, որտեղ այսպես թե այնպես Ղարաբաղը քոնը չէր:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: