Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը հայտնել է, որ բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Այս տարի ծրագրում նախնական ներառվել էր 426 վերելակ: Ըստ Կարոյանի՝ շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն եւ շահագործվում է: Մյուս մասը տեղադրման եւ կարգավորման փուլում է:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը հավելել է, որ նոր վերելակները մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը: Բացի 426 վերելակից` այս տարվա բյուջեում մոտ 10 տոկոսով կամ 41 նոր վերելակով ավելացել է ծրագրի ծավալը: Այդպիսով` այս տարի Երեւանում ընդհանուր կավելանա 467 փոխված վերելակ։
Կարոյանը նշել է, որ ամեն վերելակի տեղադրումը մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից։ Նոր վերելակները հարմարեցված են նաեւ սահմանափակ կարողություններով անձանց համար։ Դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնելու սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար են:
Ըստ Կարոյանի՝ տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռեւս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: