Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերստին հերքել է Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար: Նա պնդել է, որ Թեհրանն ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ պատրաստ է քննարկելու այդ հարցը:
«Մենք Ռուսաստանին չենք տվել եւ չենք էլ տա որեւէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»,- շեշտել է Իրանի արտգործնախարարը։ Նա հավելել է, որ ՌԴ-ի հետ ծավալուն համագործակցություն ունեն, ներառյալ պաշտպանության ոլորտում:
Աբդոլահիանը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ինքը հայտնել է ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումը հետաքննելու համար իրանցի եւ ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ ստեղծելու Թեհրանի պատրաստակամության մասին։