Ամերիկացի տնտեսագետ, արեւմտյան աշխարհի ֆինանսական կենտրոն Ուոլ սթրիթում հոռետես փորձագետի համբավ վայելող Նորիել Ռուբինին Time-ում հրապարակած իր հոդվածում կանխատեսել է, որ աշխարհն ընթանում է դեպի «ստագֆլյացիոն ճգնաժամ, որը նախկին ոչ մի ճգնաժամի նման չէ»։
Ըստ Fortune.com-ի՝ տնտեսագետը չի բացառել, որ ցածր աճի եւ բարձր սղաճի տոքսիկ տնտեսական համադրությունը կհանգեցնի զանգվածային սնանկացումների եւ կասկադային ֆինանսական ճգնաժամերի, որը առաջիկա տարիներին կարող է ամբողջ աշխարհում տիրապետող դառնալ։ Նա հավաստիացրել է, որ աշխարհը թեւակոխում է Համաշխարհային տնտեսության նոր դարաշրջան հիպերգլոբալացումից հետո, որը պատմության մեջ կմնա որպես հարաբերական աշխարհաքաղաքական կայունության, տեխնոլոգիական նորարարությունների ժամանակաշրջան, երբ հնարավոր եղավ զսպել սղաճը՝ սկսած Սառը պատերազմի ժամանակներից։
Նոր փուլը, ուր մուտք է գործելու Համաշխարհային տնտեսությունը, Ռուբինին անվանում է «Ստագֆլյացիոն մեծ անկայունության ժամանակաշրջան»։ Այն սնվելու է ինֆլյացիոն միտումներով, ինչպիսիք են բնակչության ծերացումը, կլիմայի փոփոխությունները, մատակարարումների խափանումները, հովանավորչության ուժգնացումը, արդյունաբերության վերուղղորդումը եւ ձեռնարկությունների «հայրենադարձումները»։
Ռուբինին շեշտել է, որ այդ պայմաններում Կենտրոնական բանկերը սղաճի դեմ պայքարելու համար հարկադրված կլինեն բարձրացնելու մեկնարկային տոկոսադրույքները մինչեւ պատմական բարձր ցուցանիշներ տասնամյակներ շարունակ հակառակ ուղղությամբ ընթանալուց հետո։ Նա նկատել է, որ դրամավարկային քաղաքականությունն արագ կկարգավորվի, մեկնարկային տոկոսադրույքները կբարձրանան, ու այդ ամենը կհանգեցնի տնային տնտեսությունների սնանկացման, կամ դրանք կհայտնվեն դեֆոլտային իրավիճակում։ Նույն ճակատագրին կարժանանան նաեւ բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական հաստատություններ կամ նույնիսկ բարձր փոխառության պարտավորություններ ունեցող կառավարություններ։
Տնտեսագետը նշել է, որ Կենտրոնական բանկերը ստագֆլյացիոն երեւույթների հետ առերեսվելիս հարկ է, որ խստացնեն իրենց քաղաքականությունը նույնիսկ այն դեպքում, երբ տնտեսություններն անկում են ապրում։ Ներդրողներին էլ հորդորել է խուսափել բաժնետոմսերից եւ երկարաժամկետ արժեթղթերից։ Այդ ամենի փոխարեն նա ներդրողներին խորհուրդ է տալիս գտնել ակտիվներ, որոնք կպաշտպանին սղաճից, քաղաքական ու աշխարհաքաղաքական ռիսկերից եւ շրջակա միջավայրի վնասներից։ Նման ակտիվներ են ոսկին ու թանկարժեք մետաղները, կարճաժամկետ արժեթղթերը կամ անշարժ գույքը։
64-ամյա Նորիել Ռուբինին Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, Roubini Macro Associates-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրան նույնիսկ անվանում են «Դոկտոր Կործանում»։ Ռուբինին 2000-ականների կեսերին փորձել է աշխարհին նախազգուշացնել սպասվող ֆինանսական ճգնաժամի մասին։ Փորձագետին է պատկանում հետեւյալ հայտնի խոսքը. «Երբ Միացյալ Նահանգները փռշտում է, մնացյալ աշխարհը մրսում է ու հիվանդանում»։
Պատրաստեց Արման Գրիգորյանը