Ազատեկում վաղ առավոտյան մի քանի ժամով բնակիչների ազատությունը սահմանափակվում է։ Շուրջն ինչ էլ կատարվի, չեն նկատում։ Առավոտյան ժամը 6-7-ից մի քանի ժամում պիտի հասցնեն օրվա օգտագործման խմելու ջրի պաշարը հավաքել, այդ ընթացքում լողանալ, լվացք անել, գործերն ավարտել։ Ով հերթից դուրս է մնում, լողանալու համար սպասում է հաջորդ օրվան։
Այս գրաֆիկին սովորել են ազատեկցիները, օրվա մնացած մասն են հարմարեցնում ջրի ժամին։ Ազատեկցի Սուսան Եղոյանը շուտ արթնանալուց չի դժգոհում։ Ասում է՝ ջուրը ժամով էլ չլինի, գյուղացի կինը պիտի շուտ արթնանա, տան անդամներին կերակրի, պատրաստի, ճանապարհի աշխատանքի։ Սուսանը գյուղաբնակ այն փոքրաթիվ կանանցից է, որ տնային տնտեսությամբ զբաղվելով չի սահմանափակվում, իր բիզնեսն է հիմնել։
Ազատեկցի տանտիկինը մի քանի տարի առաջ է դրամաշնորհային մրցույթի մասնակցել, շահել ու սեփական տունը վերածել հյուրատան։ Նա հայ եւ օտարերկրացի հյուրերին հրամցնում է իր պատրաստած գյուղական ուտեստներն ու բակում աճող օրգանական գյուղմթերքը։
Սկեսրոջ բաղադրատոմսով պատրաստած կարշմն էլ հյուրերի ամենասիրելի ուտեստներից է։ Բաղադրիչները չի թաքցնում՝ իրենց գյուղի սարերում աճող կանաչի, ընկույզ, կաթ, ոսպ, ձավար։
«Պատրաստման գաղտնիքները յուրացնելու համար ժամանակ է պետք, մի ամբողջ օր պետք է եփվի կարշմը, հիմիկվա հարսները հավես չեն անի, մենք էինք, որ սիրով սովորում էինք»,- ժպտում է տիկին Սուսանը։
Ազատեկցի կինը դրամաշնորհով նաեւ շարժական տնակ է ստացել, որը մինչ օրս օգտագործել չի կարողանում գյուղում կոյուղի չլինելու պատճառով։
Դրա պատճառով նաեւ չեն կարողանում շատ հյուրերի ընդունել։ Տարբեր տարիների բնակիչները դիմել են համայնքապետարան, վարչական կենտրոն, խնդրել են կարգավորել հարցը։ Ասում են՝ մի բան կանեն։ Մինչ այդ տնակն անշարժ կանգնած սպասում է՝ երբ կշահագործվի։
Տիկին Սուսանի հարսը՝ Լիլիկ Ավետիսյանը, Ազատեկի ամենաակտիվ երիտասարդներից է։ Նախաձեռնողականությամբ սկեսրոջը չի զիջում, միասին են ընտանեկան բիզնեսը ղեկավարում, նոր գաղափարներ մտածում։ Միայն թե Լիլիկի երիտասարդ ընտանիքը ստիպված է գյուղից տեղափոխվել Վայք՝ բնակության, որովհետեւ Ազատեկում մանկապարտեզ չկա։ Նույն խնդրին բախվում են ազատեկցի շատ երիտասարդ ընտանիքներ։
Ութսուներկուամյա Լուսյա տատն ու ամուսինը, ընդհակառակը, Վայքից են տարիներ առաջ Ազատեկ տեղափոխվել՝ ծերությունը սեփական տանն անցկացնելու։ Տատը Սովետի ու անկախության տարիները չի ուզում համեմատել։ Ասում է՝ կարգերը, բարքերն ու մարդիկ փոխվել են։ «Էն ժամանակ ջահել էինք, աշխատում էինք, հիմա ինչ էլ լինի, մեզ համար միեւնույնն է։ Քառասուն-հիսուն տարի աշխատել ենք, հիմա մերը թոշակն է, ի՞նչը համեմատենք։ Թող խաղաղություն լինի, էրեխեքը ողջ-առողջ հետ գան, մենք մեր կյանքը լավ-վատ ապրել ենք»։
Նույն երազանքով է ապրում նաեւ Կարինե Ավետիսյանի ընտանիքը։ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Կարինեի ընտանիքն ապրում է գյուղի նախկին մանկապարտեզի շենքի մի մասում, որը վերջերս են սեփականաշնորհել։ Կենցաղային խնդիրները որդեկորույս մոր աչքին չեն երեւում։ «Միայն էրեխեքը չպակասեն, ոչ մի մայր նույնը չզգա, մնացածն անցողիկ է»։
Կարինեի դուստրը՝ 17-ամյա Սոնան, Եղեգնաձորի քոլեջում է սովորում։ Օրվա մեծ մասը ճանապարհներին է անցկացնում. իր ու հասակակիցների հիմնական մտահոգությունն է ներկայացնում՝ երթուղայինի ժամերն անհարմար են, տոմսի արժեքը՝ բարձր։ Օրական մոտ 1000 դրամ ծախսում են տրանսպորտի համար: Ամեն առավոտ երթուղայինում կանգնած գնում են Վայք, այնտեղ մոտ 40 րոպե սպասում, հետո մի կերպ հասնում Եղեգնաձոր։ Սոնան չի հիշում՝ վերջին անգամ երբ է նստած երթեւեկել։ Վերադառնալիս էլ սպասում են Վայքում, մինչեւ գյուղ բարձրացող մեքենա կլինի։ Երիտասարդներն ակնկալում են, որ գոնե ուսանողական առանձին երթուղային կգործի։
Համայնաքապետարանի կազմակերպիչ Արսեն Կուղյանոսյանը վստահեցնում է՝ խնդիրները հերթով լուծվում են։ Ասում է՝ ինչ Ազատեկը դարձել է Վայք խոշորացված համայնքի բնակավայր, գյուղացիների ելումուտը համայնքապետարան հեշտացել է։ Ամեն հարցով կարող են դիմել, իրենց խնդիրը ներկայացնել, լուծում առաջարկել կամ լսել, պատասխանատուներն էլ հետեւողական են։
Համայնքապետարանում գուցե լսում են, բայց վարչական կենտրոնում՝ պարզ չէ։ Բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Սահակյանից այդպես էլ չկարողացանք լսել ո՛չ գյուղի խնդիրների, ո՛չ իր առաջարկած լուծումների մասին։ Վարչական ղեկավարը, գուցե մոռանալով մեր նախնական պայմանավորվածության մասին, այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու նամակներին։ Մեզ համար անհասանելի լինելը՝ դեռ ոչինչ, վստահ չենք՝ գյուղացիների համար հասանելի՞ է։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: