Արցախի Հանրապետության արհեստագործական կրթական հաստատությունների չորս տասնյակ ուսանողներ եւ դասախոսներ մեկ շաբաթ Գյումրիում էին։ Հանրապետության երկրորդ քաղաքում նրանց էին միացել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյումրի եկած եւ հաստատված արցախցի ընտանիքների բազմաթիվ ուսանողներ։
Այցը «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում էր։ Օրակարգը հագեցած էր․ մասնագիտական եւ վարպետաց դասեր Գյումրու միջին եւ բարձրագույն կրթական հաստատություններում եւ արտադրամասերում, մանկավարժների վերապատրաստում, սեմինարներ, ճանաչողական այցեր մարզի պատմամշակութային վայրեր, բազմաբնույթ հանդիպումների շարք։
Ծրագիրն իրականացրել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ֆինանսավորել է Ֆրանսիայի «Œuvre d’Orient» (Արեւելքի մեծ գործը) կազմակերպությունը։ Ծրագրի հետ համագործակցել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, Արցախի Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը եւ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Ահարոնյանը արցախահայությանն աջակցելու ամենագործուն միջոցը մշտական համագործակցությունն է համարում։ Տնտեսությունը զարգացնելու համար էլ խիստ կարեւորում է միջին եւ արհեստագործական մասնագիտական կրթության դերի բարձրացումը։ «Պետք է արժեւորել մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները, նպաստել, որ արհեստը դառնա արդիական ու պահանջված»։
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի դասախոս Գայանե Մինասյանն իր սաների հետ նույնպես Գյումրիում էր։ Ասում է՝ մի քանի օրվա ընթացքում շատ բան հասցրին տեսնել, սովորել, վայելել։ «Կարճ ժամանակում մասնագետ չեն դառնում, բայց տեսած ու սովորած ամեն մի նոր թվացյալ մանրուք անգամ գիտելիք է հարստացնում»։ Հուզմունքով է հիշում Շուշիի նյութատեխնիկական հարուստ բազայով քոլեջը, որն այժմ տեղակայվել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի փոքր հատվածում։ Մանկավարժն ասում է՝ չեն ընկճվում. որքան էլ դժվար է, նորից են սկսում։
Կարինա Գալստյանը Շուշիի քոլեջի դիզայնի բաժնի ուսանողուհի է։ Գյումրիում անցկացրած մեկ շաբաթը ոչ միայն հաճելի, այլեւ արդյունավետ է համարում մասնագիտական առումով։ «Տպավորված ենք բոլոր դասընթացներով, բայց նկարչականն ինձ համար իսկական բացահայտում էր։ Երբեք չեմ մոռանա այս օրերը»։
Մարտունու արհեստագործական ուսումնարանը քսանհոգանոց պատվիրակությամբ էր Գյումրիում։ Ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանն ասում է՝ իրենց ուսումնարանը թեեւ նույն տեղում է, բայց իրենք էլ բավականին լուրջ նյութատեխնիկական բազայի կորուստ են ունեցել։ Նման նախաձեռնությունները կօգնեն, որ ուսանողն արժեւորի իր դերը տնտեսության արագ վերականգնման գործում։
«Այսօր յուրաքանչյուր սովորող պետք է իր առաջ ունենա հստակ տեսլական, թե ինչ կարող է ունենալ լավ սովորելու դեպքում։ Այստեղ մեր ուսանողները տեսան մասնագիտական լուրջ աշխատանքներ։ Ոգեւորված են, ապագայի լուրջ ծրագրեր են մշակում, որ Մարտունիում ունենան նման գործեր»,- ասում է Արտակ Սարգսյանը։
Մարտունու արհեստագործական ուսումնարանի վարսավիրական բաժնի ուսանող Գերման Սարգսյանը ե՛ւ սովորել, ե՛ւ իր իմացած վարսահարդարման գաղտնիքներն է ներկայացրել գյումրեցի հասակակիցներին։ Շատ է տպավորվել էքսկուրսիաներից․ «Այնքա՜ն մոտիկից տեսանք Անիի մայր տաճարը, թվում էր՝ մի քայլ, ու կհասնենք այնտեղ»։ Գերմանը նաեւ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանից էր տպավորված, ասում է՝ չէր հավատում, որ դերասանի շոշափած իրերն իր աչքով է տեսնում։
Արցախից Գյումրի եկած խմբի ղեկավար, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության գլխավոր մասնագետ Բելլա Հարությունյանը այցի հիմնական ձեռքբերումներից առանձնացնում է ուսանողների եւ վարպետների փորձի փոխանակումը։
Տիկին Հարությունյանն առաջարկում է այցը դարձնել ամենամյա, շարունակակական։ «Մեզ հետ տանում ենք Գյումրու փոքր կտոր։ Հրաշք մշակույթ ունեք, հուսով ենք՝ հաջորդ տարի նույնպես կգանք»։
Նշենք, որ ֆրանսիական «Œuvre d’Orient»-ը 2020 թվականից է աջակցում արցախահայությանը։ Ֆրանսիացի բարերարները հոգում էին Շիրակի մարզում ապաստանած շուրջ երկու հարյուր արցախահայերի կացարանի, սննդի, կոմունալ, կենցաղային, կրթական եւ այլ ծախսերը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։