Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Վաշինգտոնում երեկ անցկացված հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին եւ տարածաշրջանում Իրանի «վնասաբեր ազդեցությանն» առնչվող հարցեր։
Փրայսը հավելել է, որ Բլինքենն ու Հերցոգը խոսել են նաեւ արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է aրեւմտյան ափին բարձր լարվածության, բռնության եւ իսրայելցիների ու պաղեստինցիների մահվան առնչությամբ: ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաեւ, որ բոլոր կողմերն անհապաղ պետք է ապահովեն լարվածության թուլացումը։