Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտն (IWPR) իր վերլուծությունում նշել է, որ Ադրբեջանում Telegram-ը դարձել է ատելության խոսքի, քարոզչության եւ այլախոհությունը ճնշելու գործիք։
«Ադրբեջանում Telegram-ից ավելի հաճախ սկսեցին օգտվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Երբ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրկին ռազմական գործողություններ սկսվեցին, ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվեցին հայերի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների վայրագությունները»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ IWPR-ի վերլուծության՝ դեռեւս 2021-ին հայտնաբերվել են ադրբեջանական տելեգրամյան խմբեր, որոնք տարածում էին ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին եւ նրանց ընտանիքի անդամներին վարկաբեկող նյութեր։ Ընդ որում՝ այդ սպառնալիքները ոչ միշտ են սահմանափակվում միայն վիրտուալ տիրույթով: 2021-ի մարտին՝ հայկական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցից հետո, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Մուհամմադ Միրզալիի նկատմամբ մահափորձ է կատարվել։