Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակը հոկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ վստահեցնելով, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին։ Կողմերը նաեւ հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցների սահմանման եւ Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու օգտին։ Սունակը հույս է հայտնել, որ շուտով անձամբ կհանդիպի Զելենսկու հետ։
Զելենսկին Սունակի հետ հեռախոսազրույցը հրաշալի է անվանել։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Լոնդոնը եւ Կիեւն առաջիկայում ուկրաինա-բրիտանական հարաբերությունների նոր գլուխ են բացելու։
Չի շնորհավորել, որովհետեւ Մեծ Բրիտանիան ոչ բարեկամական երկիր է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռիշի Սունակին շնորհավորական հեռագիր չի հղել, քանի որ այդ երկիրը ոչ բարեկամական երկրների ցանկում է։