Ընդդիմադիր Diken թերթում քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին ղեկավար, ներկայում ազատազրկված քուրդ քաղաքական գործիչ Սելահեթթին Դեմիրթաշը փորձել է պարզաբանել, թե որն է քրդական հարցը Թուրքիայում։
Դեմիրթաշի համոզմամբ՝ քրդական հարցի էությունն արդեն վաղուց բոլորին պիտի հայտնի լիներ, քանի որ այն տարիներ շարունակ Թուրքիայում առկա ամենախոր ու լուծում չստացող հարցերից մեկն է եղել․ «Բայց ցավով նկատում եմ, որ Էրդողանի կուսակցության մոտեցումների պատճառով մարդիկ հստակ չգիտեն, թե դա ինչ է․ ոմանք քրդական հարցի մասին նոր-նոր են լսում, ոմանք կարծում են՝ նման հարց ընդհանրապես չկա, իսկ մի մասի կարծիքով էլ հարցն արդեն լուծվել է»։
Հոդվածում, բերելով որոշ ակնառու օրինակներ, Դեմիրթաշը փորձում է ցույց տալ քրդական հարցի նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականությունն ու բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են քրդերն այսօրվա Թուրքիայում:
«Քրդերը թուրք չեն ու չեն էլ կարող լինել։ Որեւէ քրդի թուրք անվանելն ու նրան թրքացնելու փորձն արդեն իսկ քրդական հարցն է»։
Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներից մինչ օրս ձգվող ու ավելի խորացող քրդական հարցը, ըստ Դեմիրթաշի, սոցիալական, քաղաքական, տնտեսական ու շատ այլ հարթություններում է։
«Թուրքիայի պետությանը քաղաքացիության կապով կապված բոլոր անձինք թուրք են» (մեջբերում Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածից)։ Դեմիրթաշի կարծիքով՝ «թուրք» եզրույթը ոչ թե քաղաքացիության հիմքի վրա ստեղծված ինքնությունն է, այլ էթնիկական պատկանելություն։ Այսինքն՝ Սահմանադրության այս հոդվածով Թուրքիան մերժում է իր երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների ինքնությունն ու իրավունքները։
Տարբեր են նաեւ լեզուները․ քրդերենը պատկանում է հնդեվրոպական, իսկ թուրքերենը՝ ուրալ-ալթայան լեզվաճյուղին, ինչն արդեն իսկ ակնառու ցուցիչ է։
Եթե կասեք՝ «Քրդերեն կոչվող լեզու գոյություն չունի, բոլորս թուրք ենք, բոլորիս մայրենի լեզուն թուրքերենն է», ուրեմն դուք նույնպես ունեք քրդական հարց։
Թուրքիայի քաղաքացիներին իր զգացումները հասցնելու համար Դեմիրթաշը բերել է դպրոցների օրինակը, որտեղ քրդերեն չի դասավանդվում։ Պատմել է, թե ինչպես են շոկի ենթարկվում ծագումով քուրդ երեխաները, որոնց դպրոց տանելիս ծնողները խնդրում են չխոսել քրդերեն ու ոչ ոքի չասել, որ իրենք քուրդ են՝ հավելյալ ատելությունից ու խտրական վերաբերմունքից խուսափելու համար։
Թուրքիայում քրդերենի ուսուցում չկա։ Որոշ դպրոցներում կա շաբաթական երկու դասաժամ, այն էլ՝ որպես կամընտրական առարկա։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսելն արգելված է․ «Ներեցե՛ք, հիմա փոխել են, ոչ թե քրդերեն խոսելն է արգելված, այլ «անհասկանալի լեզվով» խոսելը։ Այս երկրում միլիոնների հասնող քուրդ ժողովրդի լեզուն Մեջլիսում անհասկանալի լեզու է համարվում»,- ասում է Դեմիրթաշը ու հավելում, որ միեւնույն ժամանակ իշխանությունն իր քարոզչության համար չի մոռանում քրդերեն նախընտրական պոստերներ տպագրել, ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումներ թողարկել: «Ինչո՞ւ, որովհետեւ շատ լավ գիտեն, որ այս երկրում միլիոնավոր մարդիկ քրդերեն են խոսում ու մտածում եւ իրենց երազները քրդերենով են տեսնում»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը