Mercedes-Benz գերմանական ավտոկոնցեռնը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից։ Կոնցեռնը նաեւ տեղական դուստր ընկերություններում մասնաբաժինները վաճառում է դիլերային «Ավտոդրոմ» ընկերությանը։ Գործարքը պետք է հաստատեն պատկան պետական եւ գերատեսչական մարմինները՝ ըստ Ռուսաստանի օրենսդրության եւ ընթացակարգերի։
Ռուսաստանից հեռանալով՝ գերմանական աշխարհահռչակ ավտոկոնցեռնը փորձել է առավելագույնս կատարել հաճախորդների առաջ ունեցած պարտավորությունները՝ թե՛ հետգնման սպասարկման, թե՛ ֆինանսական ծառայությունների մատուցման ու ռուսաստանյան բաժանմունքների աշխատատեղերի պահպանման առումով։
Mercedes-Benz-ին պատկանած ձեռնարկությունների նոր սեփականատեր «Ավտոդրոմը», ըստ ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության, կկարողանա ներգրավել նոր գործընկերների՝ հատկապես մերձմոկովյան գործարանի հիմքի վրա նոր համատեղ արտադրություն կազմակերպելու համար։
Mercedes-Benz Group AG-ն եվրոպական ավտոարտադրողներից վերջինն էր, որ հայտարարեց Ռուսաստանում ավտոմոբիլների արտադրության եւ Ռուսաստան ավտոմոբիլների արտահանման դադարեցման մասին։
Mercedes-Benz-ն արդեն երրորդ խոշոր արտասահմանյան մարդատար ավտոմոբիլ արտադրող ընկերությունն է, որը հեռանում է Ռուսաստանից՝ Renault եւ Nissan ընկերություններից հետո, որոնք Ռուսաստանում իրենց ակտիվները փոխանցել էին պետական սեփականության՝ խորհրդանշական վճարի դիմաց։
Պատրաստեց Արման Գրիգորյանը